Все с детства знаютчто то-то и то-то невозможно. Но всегда находится невеждакоторый этого не знает. Он-то и делает открытие. Ալբերտ Էյնշտեյն

Ուզում եմ ձեզ իմ կյանքից մի հատված ներկայացնել: Հատված,որը շատերը չեն հասկանա, շատերն էլ կհասկանան առանց խոսքերի: Երկու դեպքում էլ այն ներկայացնել է պետք: Գրառման հարցադրումը մեկն է.  ինձ անընդհատ վախեցնում են ու փորձում են կանգնեցնել :   Ինչի՞ց : Այ սա էլ այսօր միասին կփորձենք հասկանալ :

Ես ապագա ուսանող եմ:  Ամենաիսկական  ու ամենասովորական դիմորդներից եմ. դասից տուն, հետո պարապմունք,  տնայիններ, գրքեր, ժամանակի սղություն...Եվ այլն:  Ու ի տարբերություն շատերի, ես հստակ գիտեմ, թե ինչու եմ ընտրել իմ մասնագիտությունը: Ես հստակ պատկերացնում եմ իմ ապագան : Ես գծել եմ իմ ճանապարհն ու ըստ իմ ճանապարհի առաջ եմ շարժվում՝ երբեմն սխալվելով, երբեմն թուլություններիս կուլ գնալով: Մարդ եմ, կարելի է: Ավելին ՝ պարտադիր է սխալվել : Համենայն դեպս մի բան չի  փոխվում . ինչքան էլ սխալվեմ ու  երբեմն-երբեմն բնավորությանս վատ գծերին կուլ գնամ, ես իմ ուղու վրա եմ , ճանապարհիցս չեմ շեղվում :
Եթե իմ տարեկից աղջիկներն արդեն որսի դուրս եկածի փայլուն աչքերով  իրենց համար ՛՛փողոտ՛՛ տղա են փնտրում, որ ՛՛կպցնեն՛՛ , արագ ամուսնանան, կյանքները   լավ կառուցեն (ու մի՜ զարմացեք, թքած,թե  քսանմեկերորդ դարը չէ: Իմ տարիքի աղջիկներն արդեն իսկ մտածում են ամուսնանալու մասին) , մի-երկու երեխա ունենան ու  իրենց համար ապրեն , ես իմ կյանքն այլ կերպ եմ պատկերացնում :
 Լավ ուսում, եթե հնարավորություն լինի՝ ուսում արտասահմանում:   Պետք է գործիս  մեջ լավագույններից լինեմ: Սովորել, սովորել ու սովորել: Հետո  լավ վարձատրվող աշխատանք, ֆինանսական բացարձակ ՛՛անկախացում՛՛ : Երբ ինքս կազմավորված մարդ լինեմ՝ նոր կմտածեմ  ընտանիք կազմելու մասին ՝ իհարկե իմ պես, դեռ ինձնից միքիչ էլ ավելի շատ կազմավորված ու կայացած մարդու հետ ))))  
Այս ամենը գրում եմ մի  պարզ պատճառով. ուզում եմ հասկանալի լինի, որ ես իմ կյանքը շատ հստակ եմ պատկերացնում: Ես գիտեմ ՝ որ քայլից հետո որն եմ անելու: Ես առաջ եմ  գնում ըստ որոշակի պլանի: Հա, ի դեպ. ես շատ լավ ծանոթ եմ ու հասկանում եմ ճանապարհի լրջությունը, քարքարոտոթյունը, ստերը, անարդարությունները և այլն : Վարդագույն ակնոցներից բավականին հեռու եմ. հողոտ, հողածին ու ցեխոտ ռեալիստ եմ: Նույնիսկ իմ ռոմանտիզմն է ցեխոտ ու հողոտ, մարդկային: Ինչևէ, չշեղվենք:
Հասել ենք պլանիս առաջին կետին. ընդունվել համալսարան:  Ես ոգեվորված եմ. սա առաջին դուռն է դեպի իմ ՝ մեծահասակների կյանք: Այստեղ պետք է հիմքս ամուր կառուցեմ, որ հետագաս լավ դասավորվի: 
Մեկ էլ գլխիս վերևում հայտնվում են տարիքով ավելի մեծասահասակ անձիք ու սկսում են իրենց կյանքը պատմել. ՛՛Է՜հ, Սյունե ջան, քո տարիքին ես էլ էի տենց մտածում....Կյանքը բոլորիս փոխում ա: Հեսա, կմեծանաս, կհասկանաս: Բա պիտի ամուսնանաս, բա ի՞նչ պիտի անես: Կարող ա՞ սիրածդ  նստի սպասի,թե ապագա կնիկը էս համալսարանից էն համալսարանն ա գնում: Ի՞նչ արտասահմանում սովորել, չգիտե՞ս ՝ տենց բաները սաղ սարքած ա , առած ա: Լավ գո՞րծ : Ժուռնալի՞ստ : Բա  որ ամուսնացար էրեխեքիդ ո՞նց պիտի պահես: Գիտես մարդդ թողելու ա գնաս ստեղից ընդեղ վազես հա՞, սաղ օրը չոլերում լինես ՝ ինչ ա թե սիրածդ մասնագիտությունն ա :  Հա, բան չեմ ասում, հիմա  գրում ես..Ոնց էր անունը՞, բլո՞գ...հա, հա, էդ...էդ լավ ես գրում, բայց դե էրեխա ես էլի՜, հավեսդ  կառնես, կանցնի-կգնա : Մանկական խաղ ա, լուրջ բան չկա: Էրեխա ես,զբաղվում ես: Է՜հ... Կյանքի դժվարություններն էնքան շատա: Կամուսնանաս, մարդուդ հետևից պիտի  հավաքես, էփես,թափես, էրեխա մեծացնել ա, տանջանք ա, էս անտեր երկրում քոռ կոպեկ աշխատելը էնքան դժվար ա,  ամեն ինչ հեշտ չի....Ինձ ես հիշացնում: Ես էլ էի տենց բաներ երազում, բայց դե կյանքը ամեն ինչ փոխում ա՛՛ :
Կներեք, բայց պիտի ասեմ. սիրտս խառնում է նման մարդկանցից: Ու ինչքան շատ են այսպիսիները  աշխարհում...
Ինչու եմ ես գրում այս ամենը : Ես գիտեմ, որ միայն ես չեմ, որ լուրջ նպատակներ ունի, ուզում է հաջողությունների հասնել ու կյանքը լավ կառուցել : Շատերին չի բավարարում միջին աշխատավարձը, 
՛՛եսիմում՛՛ հետ ամուսնանալը: Կան մարդիկ, ովքեր ավելի լուրջ նպատակներ ունեն ու այս գրառումով ուզում եմ նաև նրանց թափ տալ:
Ժողովուրդ, լսեք ինձ: Եթե այս բառերը ասողի մոտ ոչինչ չի ստացվել, դա չի նշանակում, որ ձեզ մոտ էլ չի ստացվելու: Այո, այսպիսի խոսքեր ասողին կյանքը կուլ է տվել, դարձրել գորշ,ոչնչով չտարբերվող մարդ: Նա ինքն էլ երազում էր իմ պես, բայց չստացվեց...Ինչու՞ :
Հասարակ պատասխան. նրան էլ էին ասում այն ամենը, ինչ վերևում եմ գրել )))) ու ի տարբերություն ինձ նա ոչ թե այդ ամենին փորձել է դեմ գնալ, այլ    համակերպվել է ու   մոռացել է երազանքները: Հենց դրա համար էլ ոչնչի չի հասել: Ու չի հասնի:
Մի լսեք այսպիսի մարդկանց : Մի լսեք, խնդրում եմ :  Ինձ էլ ամեն քայլափոխի փորձում են ՛՛կոտրել՛՛  , փորձում են  կանգնեցնել, հանել այդ գրողի տարած վարդագույն ակնոցները...
Մարդկությու՜ն, ես ցեխոտ ռեալիստ եմ:
Այսպես խոսացողները չեն հասկանում, որ երբ ես ասում եմ, որ լավ մասնագետ եմ դառնալու, ես չեմ երազում: Ես բարձրաձայնում եմ իմ նպատակները : Դա երազանք չէ, դա նպատակ է:  Իսկ սրանք, իրականում, տարբերվում են: Ես չեմ երազում լավ մասնագետ լինելու մասին: Ես բարձրաձայնում եմ ՝  ես պիտի դառնամ լավ մասնագետ, ես ՈՒԶՈՒՄ ԵՄ լավ մասնագետ լինել : Ուզում եմ կայացած անձ դառնալ:
Ես գիտեմ, թե քանի գիշեր չեմ քնելու, որպեսզի լավ սովորեմ:
Ես գիտեմ, որ համալասարանն ինձ ոչ մի կրթություն չի տա՝ եթե ինքնակրթությամբ չզբաղվեմ:
Ես գիտեմ, որ  ամեն ինչ անարդար է լինելու. քծնողն ինձնից ավելի մեծ բարձրունքների է հասնելու:
Ես գիտեմ, որ  այս  կյանքում ամեն ինչ վաճառվում է ՝ հոգուց սկսած:
Ես գիտեմ բոլոր-բոլոր թերությունների մասին: Ես հստակ պատկերացնում եմ իմ բոլոր կորուստները :  Ես գիտեմ ինչ դժվար է լինելու, քանի անգամ եմ հիասթափվելու, քանի անգամ եմ ընկնելու, ինչքան շատ են ինձ կոտրելու: Բայց ես գիտեմ , թե  ուր եմ գնում. ես գնում եմ դեպի երազանք: Ու ոչ մի   կյանքի ցավից մոխրագույն դարձած մարդ ինձ չի կարողանա կանգնեցնել : Ոչ էլ ձեզ:
Եթե ես կամ դուք կանգնենք, մենք կդառնանք նրանց նման : Մի օր էլ մենք էլ կասենք ապագա սերնդին, որ հանեն այդ հիմար  վարդագույն ակնոցը, որ կյանքը բարդ է, ոչնչի հասնել չեն կարող: Ու մի օր էլ իմ պես  մի աղջիկ կգրի հենց ձեր մասին գրառում : Կգրի վրդովված, զայրացած  նրա համար, որ մարդիկ թույլ չեն տալիս  այլ կերպ մտածող մարդուն շնչել , որ չեն հասկանում, որ եթե իրենց  մոտ ոչինչ չի ստացվել, դա չի նշանակում, որ իր մոտ էլ չի ստացվի: Որ սպանում են, որ խեղդում են ցանկությունը: Գոնե օգնեն ու նպաստեն՝ թևաթափ են անում: Աղջիկը զայրացած կբարձրաձայնի. ՛՛հեռու մնացեք իմ ճանապարհից: Ես ձեզնից օգնություն չեմ խնդրել, բայց և  ինձ մի խանգարեք՛՛ :
Աղջիկը կգրի զայրացած ու կավելացնի վերջում, որ սիրտը խառնում է նման մարդկանցից: Իսկ սրտխառնոց հենց դուք կառաջացնեք: Դուք ու ձեր թերհավատությունը: Դուք ու ձեր թուլությունը. չէ՞ որ այնքան ուժ չունեցաք, որ  դեմ գնաք  հասարակության մոխրագույնին, կուլ գնացիք ու չհասաք ձեր երազանքին:
Չթողնեք, որ մի օր ձեր մասին էլ այսպես արտահայտվեն:
Հստակ պատկերացրեք ձեր երազանքի ճանապարհը: Ցեխոտ ու կեղտոտ պատկերացրեք, լուրջ վերաբերվեք նրան: Պատրաստ եղեք ցանկացած  հարվածի ու ցանկացած ստորության: Ու մտքում միշտ պահեք ձեր երազանքը վառ աստղի պես, սեղմեք այն  ձեր ձեռքում ու գնացեք ձեր ճանապարհով: Չթողնեք, որ  կյանքի դժվարությունները ձեզ էլ կուլ տան.....
Չթողնեք ձեզ էլ գորշ դարձնեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել