Երբ օրեր առաջ կարծիք հայտնեցի, որ Րաֆֆին չի կարող ժողովրդին առաջնորդել, որ նա լիդեր չէ, մի շարք նարնջագույն «բարևիստներ» հարձակվեցին վրաս իրենց վայնասունով, սպառնալիքներով ու ամենաստոր անձնական վիրավորանքներով: Հիմա տեսնում եք, որ առավելագույնը, ինչ Րաֆֆին կարող էր անել, ժողովրդին Բաղրամյան ուղղորդելն էր, իսկ անձամբ` Ծիծեռնակաբերդ գնալը: Բայց ես էսօր անկեղծորեն, ամբողջ սրտով կիսում եմ էն բոլոր մարդկանց ցավն ու հիասթափությունը, ովքեր ճարահատությունից ու այլընտրանք չունենալուց դրդված գնացել էին մի մարդու հետևից, ով չկարողացավ առաջնորդել նրանց: Չնայած բարին էլ դա էր, որ չկարողացավ, մեզ նոր արյունահեղություններ պետք չէին, և սա միակ դրական բանն էր, որ արեց Րաֆֆին:
Իսկ այս անորոշությունից իր շահերն էր փորձում քաղել Անդրիաս Ղուկասյանը, ով, ըստ էության, շատ պարզ հասկացրեց, որ հեչ էլ Րաֆֆու համար չի եկել: Համենայն դեպս, նրա հետևյալ խոսքերը՝ «ով գնում է Րաֆֆու հետ Ծիծեռնակաբերդ, թող գնա, ով ոչ` նստացույց ենք անում», հենց այդ իմաստն էին արտահայտում... Տառացիորեն ցուցարարներին 2 տարբեր մասերի բաժանվելու կոչ արեց:
Երևի թե չկա մի հայ, ով էսօր աղոթած չլինի: Ու համոզված եմ, որ բոլորն էլ մի բանի համար են աղոթել. որ էլ էսպիսի ընտրություններ չլինեն, որ էլ էսպիսի «ընդդիմություն» չունենանք, որ ի վերջո երևան գա իրական լիդեր, ով կկարողանա ոչ թե հացադուլով, պարկադուլով կամ նստադուլով, այլ իրական գաղափարներով առաջ տանել ժողովրդին: Իսկ էս պահին մեզ մնում է միայն գործող նախագահին իմաստություն, հայրենասիրություն, ճարտարություն, քաղաքական հզոր դիվանագիտական ձիրք ու կառավարման 5 խաղաղ տարիներ մաղթել և հուսալ, որ 5 տարի անց կունենանք շատ ավելի հզոր ու զարգացած հայրենիք: Իսկ դրա համար անհրաժեշտ է յուրաքանչյուրիս բարեխիղճ ու նվիրված մոտեցումը իր աշխատանքին: Յուրաքանչյուրս սկսենք հենց մեզանից...