
Սեպտեմբերի 3-ին Ստեփանակերտը կրկին բլյուզ է լսելու: Քաղաքի միակ Sky Lounge սրճարանում, որտեղ հնչող կենդանի երաժշտությունը հասնում է մինչև մայրաքաղաքի արվարձաններ, նորից նրանք են ելույթ ունենեալու՝ «Shushva Band»-ի տղաները: Բենդի մասին Արցախում բոլորը գիտեն. Սիրում են, սպասում են նրանց ելույթներին, ուրախ են, որ նման խումբ ունեն: Ինչպե՞ս է ձևավորվել Արցախի առաջին ու միակ Blues band-ը, ովքե՞ր են նրա անդամները, ինչու՞ «Shushva Band». Այս ու էլի շատ հերաքրքիր թեմաների շուրջ էլ BlogNews.am-ը Արցախում հանդիպել ու զրուցել է տղաների հետ.
«Բենդ դառնալու միտք չունեինք, ուղղակի նվագում էինք մեր հավեսի համար: Սիրում ենք լավ երաժշտություն լսել, սիրում ենք ռոքնռոլը»,- ասում է խմբի սոլո-կիթառահար ու մենակատար Արմենը. «Հավաքվում էինք ամեն անգամ մեկի տանն ու ընկերներով երաժշտություն լսում, նվագում, վայելում օրվա վերջում աշխատանքից ազատ մեր ժամանակը: Շուշիում ժամանցի համար այնքան էլ շատ չեն հնարավորությունները և ամեն անգամ ընկերներից մեկի տանը հավաքվելը ձանձրույթից խուսափելու լավագույն ու միակ տարբերակն է: Այդ անգամ Սևակենց տանն էինք հավաքվել: Սովորականի պես նվագեցինք, երգեցինք, ու Սևակի կինը առաջարկեց բենդ ստեղծել և ելույթներ ունենալ: Միանգամից նաև բենդի անունը առաջարկեց՝ «Shushva Band»:
Արմենն ու Սևակը մանկության ընկերներ են, երկուսն էլ վաղ տարիքից տարված են ռոքնռոլով: Երբ բենդի գաղափարն արդեն կար, Սևակն ու Արմենը սկսեցին փորձեր անել: Սևակը մի քանի ամսում սովորեց բաս կիթառ նվագել: Հետո թիմին միացան տղաների ընկերները՝ Դավիթը, Արսենը, Սուրենը: Մասնագիտությամբ տղաներից ոչ մեկը, բացի Արմենից, երաժիշտ չէ: Խմբի մենեջեր Դավիթը գրաֆիկ դիզայներ է, Արսենը՝ անշարժ գույքի ռիելթոր, Սևակը գովազդի մասնագետ է, իսկ Սուրենն էլ սալիկապատող, ով մինչ տղաների հետ հանդիպելը վերջին անգամ 22 տարի առաջ էր նվագել իր հարվածային գործիքների վրա: Ահա այս կազմով էլ 2017թ. Հունվարի 28-ին տղաներն առաջին անգամ պաշտոնապես որպես բենդ հանդես եկան Ստեփանակերտի ժամանցային վայրերից մեկում՝ մոտ 50 հանդիսատեսի համար: Տղաներն ասում են՝ արձագանքները անհավավանական էին ու ոգևորող.
«Մինչ մեզ, Արցախում բենդային կուլտուրան ոչ թե պասիվ, այլ մեռած էր»,- ասում է Արսենը. «Ջազ բենդ ունենք, Էստրադային համույթ կա, իսկ բլուզ բենդ երբեք չի եղել»: Հարցին՝ որքանով են հասցրել հայտնի դառնալ, տղաները ժպտում են. «Անծանոթների համար մենք «Shushva Band»-ի տղեքն ենք: Հիմա արդեն մեր ընկերներն էլ, երբ քաղաքում տեսնում են մեզ, ոչ թե անունով են դիմում, այլ ասում են «Shushva Band»)): Արձագանքները լավն են, մարդիկ սիրում են, երկրպագում, անընդհատ գրում են մեր ֆեյսբուքյան էջին, նոր համերգներ են ուզում: Մեզ հաջողվեց մարդկանց մեջ նոր աշխարհայացք զարգացնել, ապացուցել, որ անհնարին ոչինչ չկա՝ մարդու մտքին տեղ լինի»,-նշում է Արմենը:
«Բենդի ստեղծումն ու գործունեությունը շատ բան է փոխել Արցախում: Երիտասարդությունն այս նախագծից շատ է ոգևորվում, որովհետև այն կարծրատիպեր կոտրող քայլ է: Մենք սա արել ենք, որպեսզի երիտասարդությունը տեսնի մեր նախադեպն ու էլի խմբեր ստեղծվեն: Մենք չունենք կոմերցիոն նպատակ, ուզում ենք, որ երիտասարդները հասկանան՝ կյանքը մեկ անգամ է տրված ու այն պետք է ապրել լիարժեք՝ եղած հնարավորություններից քաղելով մաքսիմալը»,-ասում է Սևակը:
«Shushva Band»-ի տղաները անվճար են ելույթ ունենում: Եվ սա բոլորովին էլ պատանեկան էնտուզիազմ չէ, քանի որ պատանեկության տարիքն այս տղաները վաղուց են հատել: Բենդի բոլոր անդամները 30-անց են, բոլորն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ ու ընտանիքների կարիքները հոգալու համար բոլորն էլ երկու-երեք տեղ աշխատում են. ընդ որում՝ համատեղում են տարբեր անհամատեղելի աշխատանքներ, օրինակ Արսենը անշարժ գույքի ռիելթորի իր աշխատանքին զուգահեռ նաև սրճարանի մենեջեր է, իսկ Հովիկն էլ բացի երաժշտական ուսումնարանում դասավանդելուց ու նվագախմբում նվագելուց, վաղ առավոտներն էլ առաքիչ է աշխատում: «Հովանավորներ չե՞ք փնտրում» հարցին էլ տղաներն այսպես են պատասխանում. « Ուզենայինք՝ արդեն հովանավորներ կունենայինք: Մեզ համար սա աշխատանք չէ, սա մեր հոբբին է, մեր սիրելի զբաղմունքը, պարզապես եթե առաջ մենք նվագում ու մենք էլ լսում էինք, հիմա դա անում ենք ավելի լայն լսարանի համար: Երբեք հովանավորներ չենք փնտրել, ու ոչ ոք էլ պարտավոր չէ մեզ հովանավորել: Մենք նվագում ենք այն, ինչը մեզ է դուր գալիս: Ուզում ենք, որ մեզ պես շատերը տարվեն բլյուզով, որովհետև բլյուզի հետ կյանքը շատ ավելի գեղեցիկ ու լիարժեք է: Այլ բան է, որ պետությունը ցանկանա մեզ ինչ-որ բանով աջակցել, օրինակ՝ ստուդիա հատկացնել, կամ սաունդ համակարգ տա: Մենք դրան դեմ չենք»:
«Այն, որ մեր քաղաքում մեզ հաջողվեց ինչ-որ բան փոխել՝ մեզ լիովին գոհացնում է: Մարդիկ լսում են մեզ, հավանում են, շնորհակալություն են հայտնում ելույթերից հետո. Սրանից ավել էլ ի՞նչ է պետք: Մենք սիրում ենք ամեն ինչ որակով անել, ու քանի որ բեմի համար փորձ ընդհանրապես չունենք, ելույթներից առաջ շատ ենք աշխատում: Անկախ նրանից՝ ունենք համերգ, կամ փորձ և նույնիսկ տարբեր քաղաքներում ապրելը (Խմբ. տղաների մի մասը Շուշիում է ապրում, մի մասը՝ Ստեփանակերտում) չի խանգարում, որ համարյա ամեն օր հանդիպենք, շփվենք իրար հետ: Մենք ապրում են մեր երաժշտությամբ, մեր փոխադարձ նվիրվածությամբ, միմյանց առօրյայով ենք ապրում, հարազատ մարդիկ ենք»,-ասում են տղաները:
Դավիթը, ով բենդի մենեջերն է, տղաների պատմելով՝ հրաշալի կազմակերպիչ է: Ելույթների ու համերգների հարցերով նա է զբաղվում, ապահովում ստեղծագործական պրոցեսի սահուն ընթացքը: Սակայն առանց եկամուտի գործող բենդի համար այնքան էլ հեշտ չէ ամեն անգամ սեփական միջոցներով հասնել համերգի վայր ու ելույթ ունենալ: Տղաներն այս հարցի լուծումն էլ են գտել.«Երբ ստեղծեցինք բենդը, միանգամից սկսեցինք հրավերներ ստանալ: Խնդրում էին, որ նվագենք: Մենք էլ գնում էինք, նվագում, մարդիկ հաճույք էին ստանում մեր ելույթներից, մեզ էլ դա լիովին բավարարում էր: Եղել են դեպքեր, երբ մեքենա ու տեխնիկա ենք վարձել, տեխնիկան տեղափոխել, մեր ձեռքերով տեղադրել, անվճար համերգ երգել, հետո էլ նորից ամբողջ տեխնիկան տեղափոխել մեքենայի մեջ, կեսգիշերն անց ուժասպառ տուն վերադարձել, առավոտյան էլ արդեն շտապել ամեն մեկս մեր աշխատանքին : Հետո հասկացանք, որ այսպես երկար չենք ձգի: Հիմա արդեն շատ դեպքերում կազմակերպչական հարցերը հոգում է հրավիրող կողմը: Սա աշխատանք չէ, մենք սրանով գումար չենք վաստակում ու պատրաստ ենք ամեն օր էլ անվճար ելույթ ունենալ, եթե կազմակերպչական հարցերը հրավիրող կողմը հոգա: Վերջերս «Ուլիխանյան» ակումբից ելույթի հրավեր ունեինք, մեր Մշակույթի նախարարությունը իր վրա վերցրեց բոլոր կազմակերպչական հարցերը, ինչի համար անչափ շնորհակալ ենք, մենք էլ գնացինք, մեծ հաճույքով անվճար երգեցինք: Նույնքան բավականությամբ էլ ելույթ ունեցանք ամռանը Բադարայում կազմակերպված երիտասարդական ճամբարի մասնակիցների համար: Օրերս էլ Ստեփանակերտի Ազնավուրի անվան հրապարակում համերգ ունեցանք»:
Ներկա պահին տղաները նոր երգացանկ են ստեղծում, ասում են՝ առաջին ռեպերտուարն արդեն շատ են կատարել, չեն ուզում ձանձրալի լինել: Նոր երգացանկում տղաները, բացառությամբ մի քանի քավրների, նախատեսում են ընդգրկել միայն հեղինակային երգեր: Երգերը գրում է, տղաների ասելով, խմբի շարժիչը՝ սոլո-կիթառահար ու մենակատար Արմենը: Իրենց բենդի, ու ընդհանրապես, արցախցիների ապագան տղաները կապում են միայն լիարժեք ու կայուն խաղաղության հետ. «Ամենակարևորը խաղաղությունն է, եթե այն չլինի, ոչինչ էլ չի լինի: Բնական է՝ եթե մեր վրա զենքով գան, մենք էլ զենքով հետ ենք շպրտելու, բայց ընդհանուր առմամբ՝ պատերազմերը ոչ մեկին էլ պետք չեն. ո՛չ՝ պատերազմին, կեցցե՛ ռոկենռոլը))»,- ասում է Արմենը: «Երբ Ապրիլյան պատերազմը եղավ, բոլորս գնացինք առաջնագիծ: Կյանքը պատերազմի ժամանակ այլ է, սակայն այդ իրավիճակում էլ կատակում էինք, ասում էինք՝ բերենք միացնենք սարքավորումները, մի հզոր բան նվագենք, մեր երաժշտության աղմուկով դրանց շշմեցնենք»,-պատմում է Արսենը:
Արմենը ևս, չնայած նրան, որ Եվրոպայում մի քանի տարի ապրել է, իր ապագան միայն Արցախի հետ է կապում. «Խաղաղություն լինի, մնացածն իր հունով կգնա: Վերջերս Ստեփանակերտում ջազի փառատոն եղավ:Վայելեցինք այդ համերգները: Մենք սիրում ենք լավ երաժշտություն: Երիտասարդությունը սիրում է կյանքը, եթե կառավարությունն էլ անի ամեն ինչ, որ արցախցի երիտասարդը կարողանա կայանալ այս երկրում՝ Արցախից ապրելու լավ տեղ չկա, իսկ խաղաղությունն էլ, գիտեք, պարտադրում են՝ լինի դա զենքով, ապրելու պայքարով, թե օր-օրի զարգացող կյանքով»:
«Պետք է այնքան ռոկենռոլ նվագենք, որ սահմանից այն կողմ էլ հասկանան՝ վերջ, այստեղ է՛լ անելիք չունեն, որովհետև որտեղ ռոկենռոլն է, այնտեղ կա պայքարող ոգի»,- կես կատակ, կես լուրջ ասում են տղաներն ու հավելում. «Իսկ եթե լուրջ՝ իրականում ամեն մարդ իր ներսում պետք է փոխի աշխարհը, կյանքի հանդեպ իր վերաբերմունքը: Ու եթե ստացվի անել մի բան, որը ոչ միայն քո, այլ նաև մի քանի մարդու կյանքում ինչ-որ բան կփոխի դեպի լավը, ուրեմն՝ երջանիկ մարդ ես»:
Նյութը՝ Արմինե Հայրապետյանի
Լուսանկարները՝ Արեգ Բալայանի և «Shushva Band»-ի անձնական արխիվներից