Ռաֆայել Թեյմուրազյան
Ուղիղ եթերով հետևում եմ հանրահավաքին: «Այսօր Աստված այստեղ բացում է իր տիեզերքը»,- մոտ 1 ժամ 20 րոպե ուշացումով մեկնարկած հանրահավաքում իր գրավոր ճառով ազդարարում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Մարդը պատրաստվել է: Հրապարակը բազմամարդ է: Մտածում եմ՝ չի՛ կարող մարդ այսքան անպատասխանատու լինել. ի վերջո՝ անգամ պաշտոնապես 540 հազար քվե է ստացել: Իրեն հաշիվ պիտի տա:
«Ազգի միասնության ճրագը չի մարելու, որովհետև ինքը կրակ է, հրդեհ է»,- շարունակում է Րաֆֆին: Լավ, գուցե նման նախադասությունների արանքում ինչ-որ մեսի՞ջ է փորձելու տեղավորել (համառորեն փորձում եմ ինքս իմ մեջ Րաֆֆուն դեմքը փրկելու հնարավորություն տալ):
Բայց գրավոր խոսքի հաջորդ նախադասությամբ պարոն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ «վաղվա արշալույսը մենք վառ ենք պահելու»: Այնուհետև Կապան, Լոռի Փամբակ, Արցախ, ցեղասպանություն, սփյուռք, կեցցե՛ Հայաստանը: Վերջում էլ թե՝ արթնացա, ասեցի՝ Րաֆֆի, ի՞նչ ես ասելու ժողովրդին: Եվ ասաց. «Հայրենիքը չունի զադնի, և հայրենիքը հենց հիմա գնում է ապագա»: Անլրջության մյուս դետալներին դեռ անդրադառնալու առիթ կլինի:
Հովհաննիսյանը հերթական անգամ գերազանցում է բոլոր սպասելիքներն ու ծաղրուծանակի հերթական դոզան նետում բազմամարդ հանրահավաքի մասնակիցներին՝ ցուցանելով քաղաքականության, պատասխանատվության ու առհասարակ բանականության մասին իր պատկերացումները:
Անգամ խելագարի հետ այսպես չեն խոսում: Մարդիկ եկել-լցվել են հրապարակ՝ ռեժիմին իրենց ըմբոստությունը ցույց տալու, հոդաբաշխ միտք լսելու համար, փոխարենը հարթակից 4-րդ դասարանի մակարդակի ազատ թեմայով շարադրություն են լսում ու անլրջության շքահանդեսի ակամա մասնակից դառնում՝ իրենց վրա զգալով «քաղաքական» ցանցառության ողջ ծաղրը:
Ո՛չ 2003-ին, ո՛չ 2008-ին ռեժիմի թեկնածուին չէր հաջողվել հանգիստ երդման արարողություն անցկացնել. երդման վայրը (նաև քաղաքի մուտքերը) պաշարված են եղել զորքով, փշալարերով... Այս անգամ Սերժ Սարգսյանը երդվեց առանց ավելորդ գլխացավանքի, որովհետև այդ պահին ժողովրդի լայն զանգվածներն Ազատության հրապարակում հոդաբաշխություն էին որոնում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/lizadjan/posts/547414831947625
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել