Ռուսաստանի դեսպանատունը վերջապես բարեհաճեց ինչ-որ մի կերպ անդրադառնալ Վահրամաբերդում տեղի ունեցած ողբերգությանը, երբ ռուսական տանկային հրաձգարանում երկու հայ երեխա պայթել էին անփութության արդյունքում դաշտում հայտնված ականի վրա։
«Ցավով տեղեկացանք ռուսական զորամասի տանկային պոլիգոնի տարածքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին, որտեղ ականի պայթյունից զոհվել են Վահրամաբերդ գյուղի բնակիչ երեխաներ:
Դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին ու մերձավորներին», - ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։
Այստեղ են ասել՝ է´շ, մի´ սատկի, գարուն կգա։ Նախ, սկսենք նրանից, որ համարյա երկու օր պահանջվեց, մինչև ՌԴ դեսպանատունը բարեհաճեր այս երկտողը տարածել, հետո էլ ի՞նչ խորին ցավակցություն, ձեր զինվորականների անփութության պատճառով երեխաներ են զոհվել՝ հայ երեխաներ։ Դուք ցավակցելուց զատ պետք է ներողություն խնդրեք, ու ես անգամ կասեի, որ փոխհատուցում պետք է տաք, խեղճ ընտանիքները անգամ գումար չունեն, որ երեխաների հուղարկավորությունը հավուր պատշաճի իրականացնեն, իսկ դուք ցավակցում եք։
Ես հասկանում եմ, որ Ռուսաստանում նման երևույթները, ցավոք, բնականոն ու սովորական դառնալու աստիճանի հաճախակիացել են, բայց ինձ թվում է, որ մեր իշխանությունների կողմից ճիշտ կլինի՝ հիշեցնեն ՌԴ-ի դեսպանատանը, որ Հայաստանը թեև ռազմավարական դաշնակից է, բայց Ռուսաստանի մաս չէ, ու այստեղ երեխաների մահը ոչ միայն բնականոն չի եղել, այլև չի էլ լինի, առավել ևս, երբ խոսքը գնում է երրորդ կողմի մեղավորության մասին։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/karnurij/posts/240879649383744?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել