Մենք խոսում ենք ժամանակակից տեխնոլոգիաներից և զարգացած քաղաքակրթությունից:
Մենք ստեղծում ենք արվեստի յուրօրինակ նմուշներ և սիրում ենք գնահատել գեղեցիկը:
Մեր հեռախոսներն ու համակարգիչները ժամանակի ընթացքում դառնում են ավելի բարակ ու հզոր:
Մենք մտածում ենք հարաբերությունների որակի և կայունության մասին՝ առաջնային տեղ տալով բարոյականությանը:
Մենք զարգացած ենք, ուժեղ և ժամանակակից:
Բայց հիմա, երբ աշխարհը եռում է կայծակնային արագությամբ կատարելագործվող կյանքի ալիքներում, կան մարդիկ, որոնք որպես զվարճանքի միջոց են ընտրում բնության մեջ իր կարճ կյանքը վայելող կենդանուն այդ կյանքից զրկելը...
Նրանք սպանում են թռչուններին, նապաստակներին, գայլերին և արջերին, հետո լուսանկարում «ավարը», և տեղադրում սոցիալական կայքերում, կարծելով, թե այդ կերպ դառնում են ավելի ուժեղ կամ ինքնահաստատվում են:
Այդ «որսորդները» սոված չեն, նրանք ոչ մսի կարիք ունեն, ոչ մորթու: Նրանք դա անում են ուղղակի, առանց պատճառ, հենց այնպես:
Այդ երբվանի՞ց սպանելը դարձավ զվարճանք: Ուրիշի, անգամ կենդանու (հատկապես կենդանու) մահը ո՞նց կարող է հաճույք պատճառել: Թուղթ ունեցող որսորդները պայքարում են թուղթ չունեցողների դեմ, որ իրենց «փայ» որսը շատ մնա:
Ո՞վ է ասել, որ եթե զենք ունես, ուրեմն կարող ես ուրիշի կյանքի տևողությունը որոշել: Հավատացյալներիս տեսեք, բոլորն իրենց դրել են աստծու տեղ, ապրել կամ չապրելու իրավունք են որոշում:
Կենդանին զենք չունի, որ պաշտպանվի, կամ գոնե պայքարի հավասարը հավասարի պես: Դե եթե այդքան ուժեղ եք, մի դարանակալվեք շակալի նման ու մի խփեք թիկունքից: Առանց զենք, ձեռքերը թափ տալով գնացեք, կռվեք, տեսնենք էդ պլոճիկ ասվածը ձեզ ծանո՞թ բան է, թե՞ մոտիկից արջ կամ գայլ տեսնելուն պես փոքրիկ լճակ կգոյանա ոտքերի տակ...