758.7 մլն դոլարի ջեքփոթ խաղարկող ամերիկյան Powerball վիճակախաղի հաղթող է դարձել Մասսաչուսեթս նահանգի հիվանդանոցի աշխատակցուհի, 53-ամյա Մևիս Վոնզիկը՝ հայտնում է AP գործակալությունը։
Կինը խոստովանել է, որ նման շահումը միշտ համարել է անիրականանալի երազանք։ Նա արդեն զանգահարել է աշխատավայր ու հայտնել ղեկավարությանը, որ իրեն չսպասեն աշխատավայրում։
Նշվում է, որ Վոնզիկի շահումը դարձել է մեկ անձի կողմից ԱՄՆ-ում շահած ամենամեծ վիճակախաղային մրցանակը։
Նրա ընտրած թվերը համընկել էին 1-69 թվերի միջակայքի 5 շահող թվերի և Powerball-ի թվի հետ, որը տատանվում է 1-26-ի միջակայքում։
Powerball վիճակախաղով հաղթող յուրաքանչյուր մարդ ունի հնարավորություն՝ ընտրելու 29 տարվա ընթացքում տարեկան վճարումների կամ ողջ գումարը միանգամից կանխիկ ստանալու միջև, որը կկազմի 443.3 մլն դոլար՝ հաշվի առնելով հարկերը։ Վիճակախաղի կազմակերպիչները հայտնել են, որ Վոնզիկն ընտրել է երկրորդ տարբերակը։



