ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարել է բառացիրոն հետևյալը` «Ինչպես գիտեք, ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի միջև կնքված համագործակցության փաստաթղթով յուրաքանչյուր նախարար պատասխանատվություն է կրում նաև ՄՅՈՒՍ ոլորտների համար»*:
Եթե այդ փաստաթղթում ամրագրված էլ չլիներ համատեղ պատասխանատվություն կիսելու մասին դրույթը, միևնույնն է` ցանկացած ուժ, կառավարության մաս կազմելու պահից, արդեն իսկ պատասխանատվություն է կիսում կառավարության ողջ գործունեության համար: Բայց երբ համագործակցության փաստաթղթի մեջ առանձին նման դրույթ է ամրագրվում, ապա դա խոսում է այն մասին, որ այդ դրույթի ամրագրումը կորզվել է ուժերից մեկի կողմից` ապագայում այն ծառայեցնելով կոնկրետ նպատակների: Այս պնդումը առավել ակնհայտ է դառնում, երբ վերհիշում ես, թե ինչպես էին ընդամենը 5 ամիս առաջ, նախընտրական շրջանում ներկայիս «պատասխանատվություն կիսողները» ապշահար պնդում, որ իրենք ոչ մի պատասխանատվություն էլ չեն կիսում, որ իրենք պատասխանատու են միայն իրենց ոլորտների համար, որ իրենք ոչ մի կապ չունեն «Մադրիդյան սկզբունքներ»-ի հետ ու, ընդհանրապես, դեմ են այդ ծրագրին:
Այդ ի՞նչ հանկարծ պատահեց, որ «պատասխանատվություն չկիսողները», ընտրություններից ընդամենը մեկ ամիս անց, ստորագրեցին «ՈՂՋ պատասխանատվությունը կիսելու» մասին փաստաթուղթ ու հիմա էլ «հպարտությամբ» պատասխանատվություն են կիսում: Ու դա այն դեպքում, երբ Արցախի հարցը «Հայկական հարցի (Հայ դատի) անբաժան մասը» չի դարձել ու ինչպես 20 տարի առաջ, 5 տարի առաջ, 5 ամիս առաջ, այնպես էլ հիմա շարունակվում է լուծվել հայտնի փոխզիջումային սկզբունքների հիման վրա: Իսկ ՀՅԴ-ն 20 տարի առաջ այդ փոխզիջումները համարում էր ազգային դավաճանություն, 5 տարի առաջ` լռում էր, 5 ամիս առաջ հայտարարում էր, որ իրենք որևէ կապ չունեն այդ սկզբունքների հետ ու դեմ են դրանց, իսկ այժմ, փաստորեն, «հպարտորեն» պատասխանատվություն է կիսում: