«Վասն շուկայի ճանճերի». Ես քեզ հոգնած եմ տեսնում թունավոր ճանճերից, քեզ քրքրված և արյունլվիկ եմ տեսնում հազար ու մի տեղից: Եվ քո հպարտությունը անգամ զայրանալ չի ուզում: Նրանք քեզնից արյունդ կուզենային ամենայն չքմեղությամբ, արյուն են տենչում նրանց անարյուն հոգիները, և դրա համար էլ նրանք խայթում են ամենայն չքմեղությամբ: Սակայն դու, խորու՛նկ, դու չափազանց խորն ես տառապում անգամ ամենափոքր վերքից: Եվ մինչ դու դեռ բուժվում էիր, միևնույն թունավոր որդն էր արդեն սողում ձեռքիդ վրայով: Դու ինձ չափազանց հպարտ ես թվում այդ քաղցրակերներին սպանելու համար: Բայց զգուշացի՜ր, որ բախտդ չդառնա՝ նրանց ողջ թունավոր անիրավության կրողը լինել: Նրանք տզզում են շուրջդ նաև իրենց գովասանքով,- նրանք քեզնից պոկ չեն գալիս իրենց գովասանքով: Նրանք մոտիկությունն են ուզում քո մորթի և արյան: Նրանք շողոքորթում են քեզ, ինչպես մի աստծո կամ սատանայի: Նրանք նվում են քո դեմ, ինչպես մի աստծո կամ սատանայի: Ի՜նչ արած: Շողոքորթներ և նվնվաններ են դրանք և ո՛չ ավելին: Նրանք քեզ հետ հաճախ անգամ սիրալիր են ձևանում: Սակայն դա միշտ վախկոտի խելոքությունն է եղել: Այո, խելո՜ք են վախկոտները: Նրանք քո մասին շատ են մտածում իրենց նեղ հոգիներով,- դու միշտ կասկածելի՜ ես նրանց: Ամենը, ինչի մասին շատ են մտածում, դառնում է կասկածելի: Նրանք քեզ պատժում են քո բոլոր առաքինությունների համար: Նրանք քեզ սրտանց ներում են միայն քո սխալները: Քանզի դու մեղմ ես և արդարամիտ՝ այսպես ես ասում. «Անմեղ են նրանք իրենց փոքր գոյությամբ»: Նրանց նեղ հոգին, սակայն, մտածում է. «Մեղավոր է ամենայն մեծ գոյություն»: Անգամ երբ դու մեղմ ես նրանց հանդեպ, նրանք իրենց էլի արհամարհված են զգում քեզնից: Եվ նրանք քեզ են վերադարձնում բարերարությունդ թաքուն չարերարությամբ: Քո անբառ հպարտությունը մշտապես ներհակ է նրանց ճաշակին: Նրանք ցնծում են, երբ դու փառամոլ լինելու համար շատ համեստ ես լինում: Այն, ինչը մեկի մեջ մենք ընդունում ենք, նրա մեջ դա էլ բորբոքում ենք: Ուրեմն՝ զգու՜յշ փոքրերից: Քո առջև նրանք փոքր են զգում իրենց, և նրանց ստորությունը մարմանդ մարմրում և բոցավառվում է քո դեմ թաքուն վրեժով: Դու չե՞ս նկատել՝ ինչպես էին նրանք հաճախ սսկվում, երբ դու մոտենում էիր նրանց, և նրանց զորությունը ինչպես էր լքում նրանց, որպես թե ծուխը՝ հանգած կրակը: Այո, իմ բարեկամ, դու խղճի խայթ ես քո մերձավորների համար, զի նրանք անարժան են քեզ: Ուստի և ատում են քեզ և հաճույքով կուզենային արյունդ ծծել: Քո մերձավորները միշտ էլ թունավոր ճանճեր կլինեն: Այն, ինչը մեծ է քո մեջ, հենց դա էլ նրանց ավելի թունավոր կդարձնի և առավել ճանճանման: Դեպի մենությունդ փախիր, իմ բարեկամ, և այնտեղ, որտեղ խստաշունչ և թարմ օդն է փչում: Քո ճակատագիրը չէ ճանճաքշիկ լինել: