Այսօրվա միջադեպի մասին ...
Գնացել էինք օդանավակայան՝ մեր չեմպիոններին դիմավորել: Մեկ ժամից ավել կար, երբ մենք արդեն տեղում էինք: Աստիճանաբար մարդիկ եկան ու միջանցք բացած կանգնել էինք այն մասում, որտեղից նրանք դուրս էին գալու: Մի քանի ոստիկան եկան իբր այդ միջանցքը պահելու համար: Մենք առաջին շարքում էինք: Բայց <<հայկական ավանդական>> վիճակը անխուսափելի էր. մարդիկ գալիս էին և կամ հրելով փորձում էին տեղդ կանգնել, կամ՝ դիմացդ: Մի երկու երեխա դիմացներս կանգնեցին: Ոստիկանները անդադար հորդորում էին հետ գնալ ու մարդիկ էլ անընդհատ հետ էին գնում՝ չհասկանալով միչև ուր պետք է հետ գնան: Մարզիկների գալուց մի քանի րոպե առաջ ժամանանեց Բալասանյանը իր շքախմբով՝ 15-20 հոգով: Նրանց մի մասը նրա ախռանիկներն էին (չշփոթել թիկնապահի հետ): Եկան ու կանգնեցին մեր բացած միջանցքի մեջտեղում ու վերացավ այդ միջանցքը: Պարզ է, որ ոստիկանները չէին կարող նրանցից որևէ մեկին ասել բացել միջանցքը ու սկսեցին մեզ ավելի շատ ասել, որ հետ գնանք: Կողքիս կանգնած կինը ասեց, որ էլ բան չի տեսնում, քանի որ ախռանիկներից մեկը եկավ ու կանգնեց ուղիղ նրա դիմաց: Ասեց, որ պետք է եկածներին ասել չփակեն միջանցքն ու մեր տեսադաշտը: Ոստիկանը բնականաբար ձայն չհանեց, իսկ ախռանիկը ասեց՝ չես տեսնում, մի տես: Հերթական՝ երևի 150-որդ անգամ ոստիկանը, որ ասեց հետ գնալ, ես պատասխանեցի, որ ես անդադար հետ եմ գնում ու անընդհատ միջանցք մարդիկ են մտնում ու գալիս կանգնում մեր դիմաց, թող նրանց թույլ չտան ու մեզ կոնկրետ ասեն, միչև որտեղ գնանք: Եթե նրանց չեն կարողանում ասել, պետք չի դրա արդյունքում մեզ անընդհատ ու ավելի շատ ասել: Այս համազգեստավորը շատ ծանր տարավ որ իրականությունը դեմքին ասվեց ու սկսեց անհոդաբաշխ մտքեր արտահայտել: Կողքիս կանգնած մարդիկ այդ պահին ասում էին, որ ես 40 րոպե միայն հետ եմ գնում, առաջ չեմ գնում, որ ինձ ու նրանց անընդհատ ասում են հետ գնանք: Դե սրանց մոտ գիտենք ինչպես է. մեկին բան ես ասում, թայֆով իրար են խառնվում՝ լավ գիտեն, որ ժողովրդի մեծ մասից կտրված հատված են ու լավ գիտեն հիմնականում ինչ վերաբերմունք կա իրենց հանդեպ: Սկսեցին խմբով վիճել հետս: Մեջներից մի <<հրեշտակ>>, ով միշտ ակտիվ է ցույց ցրելու - բաժին տանելու գործում, ասեց թե բա բոլորին կարող են ասել հետ գնան: Ասեցի դե գնա ասա՝ սպասում եմ: Պարզ է ասեց, թե՝ չէ: Հայաստանում ենք ապրում ու գիտենք բազմաթիվ ոստիկանների քաշն էլ պաշտոնյայի կամ նրա ախռանիկի մոտ ու վերաբերմունքը քաղաքացու հանդեպ: Սրանց գլխավորը, մի մայոր, ով սեփական փորով անսահման հիանալուց ու այն անդադար մերսելուց բացի մեկ ժամից ավել է ինքնահաստատվում էր ենթակաների վրա՝ մեկ էլ դիմացի շարքից հեգնական բացականչեց՝ <<Եվրամիության ցավը տանեմ>>: Ես էլ ասեցի, որ կարող է Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի ցավը տանել: Երևի մեր եռագույնից էր նեղվել, որը ուսերիս էր գցած: Երևի նեղվել էր, որ մեր եռագույնով ենք դեռ դիմավորում: Ուրիշ բացատրություն չեմ գտնում: Եվրոմիության կամ Ռուսաստանի մասին խոսք անգամ չի եղել: Սրա նման Եվրոպա ու Ամերիկա չսիրող մի քանիսի պատմություն գիտեմ. վերջում աղաչում են իրենց ապաստան տալ այնտեղ, քանի որ այստեղ նեղում են իրենց իբր: Դրանից հետո արդեն, երբ սկսեց ինձ հետ խոսել դու-ով ու արհամարական տոնով, բացատրեցի, որ հարգելի պարոն ոստիկանը Դուք-ով պետք է ինձ հետ խոսի, ինչպես ես եմ իրենց հետ խոսում: Դե կամ դաստիարակության պակասից է, կամ համազգեստ ստանալուց չի սովորել ինչպես դիմել - խոսել: Էն իբր հրեշտակը, որը չկայացած ոստիկան է, հարցրեց , արդյոք ես դեպրեսիայի մեջ եմ: Դե չկայացած ոստիկանից չկայացած հոգեբան մեկ քայլ է: Բացատրեցի, որ հոգեբանս չի, բայց ակնհայտ մասնագետի կարիք ունի ինքը, քանի որ միչև ինձ երկու հոգու հետ էլ հասցրել էր միջադեպ ունենալ աչքիս առաջ: Այդպես էլ չասեց, թե հոգեբանական հարցեր տալը ոստիկանությունում նորամուծություն է, թե սեփական նախաձեռնությունն էր: Ակնհայտ ոչ ադեկվատ անձնավորություն էր: Ու էս ամբողջ խոսակցությունները վերածվեցին բավականին մեծ աղմուկի ու փչացրեցին տրամադրությունը: Մի քանի ոստիկան բոլորին հավաստիացնում են, թե իրենց կանգնած տեղից տղաներին կտեսնեն մարդիկ: Տղաներ եկան: Միջանցքը մեկ ակնթարթում քանդվեց ու այդտեղ կանգնած մարդկանց մեծ մասը տղաներին չտեսավ: Տեսան հիմնականում պաշտոնյանները, նրանց ախռանիկները ու VIP մարդիկ: Այդ ամենի ու փչացած տրամադրության հովանավորը մի քանի ոստիկաններ էին: Մարդիկ, ում պետք է հանել այդ համազեստի մեջից, ինչպես իրենց շեֆն է ասում: Հենց այդ տեսակը վերջնականապես վերացնելու է Հայաստանը: Նրանք այդ գործը մեծ քայլերով առաջ են տանում: Բայց դրա մասին՝ առանձին: