Հղիության առկայության հաստատման ժամանակակից թեստերն ի հայտ են եկել 1970-ական թվականներին: Այն ժամանակ թեստը տևում էր 2 ժամ, և արդյունքը կասկածելի էր: Այժմ թեստի ընթացքում որոշվում է խորիոնային գոնադոտրոպինի քանակը, որը համարվում է հղիության հորմոն`ճշտությունը 98% է:
Պարզենք, թե ինչպես էին մեր նախնիները որոշում հղիության առկայությունը:
Հին ժամանանակներում հղիության հաստատման համար օգտագործում էին մետաքսե թել: Հղիության առաջին շաբաթների ընթացքում վահանաձև գեղձը մեծանում է: Թելը կապում էին կնոջ պարանոցին և, երբ գեղձի մեծացման հետևանքով այն կտրվում էր, հաստատում էին հղիության առկայությունը:
Կա մի պատմություն այն մասին, թե ինչպես մի պայծառատես կարողանում էր որոշել պտղի սեռը: Նա գրում էր իր կանխագուշակումը թղթի վրա և պահում այն: Եթե կանխագուշակումը սխալ էր լինում, ցույց էր տալիս այն թուղթը, որի վրա, բնականաբար, գրված էր ճիշտ պատասխանը, և ասում էր, որ իրեն սխալ են հասկացել:
Հին Եգիպտոսում կանայք հղիության առկայությունը որոշում էին ցորենի և գարու միջոցով: Կինը պետք է միզեր ցորենի և գարու վրա, և եթե ծիլեր չէին տալիս, ապա կինը հղի չէր: Իսկ եթե ծլում էր ցորենը, ապա տղա էր ծնվելու, գարու ծլելու դեպքում` աղջիկ:
Հետաքրքիրն այն է, որ 50 տարի առաջ գիտնականների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այս միջոցի ճշտությունը 70% է:
Ինչպես հայտնի է, գարեջուրը հայտնագործել են եգիպտացիները: Նրանք հղիության հաստատման համար օգտագործում էին գարեջրի լափը: Կնոջը նստեցնում էին հատակին, որտեղ լցված էր գարեջրի լափը: Այն ունի անտանելի հոտ ու փսխում է առաջացնում, և այդ փսխման զանգվածի քանակով էլ որոշում էին հղիության առկայութունը:
Հին հույները նախընտրում էին սոխով թեստը: Նույնիսկ Հիպոկրատն է իր աշխատություններում նկարագրում հղիության առկայության որոշման այս եղանակը: Մեթոդի էությունն այն է, որ կինը հեշտոցում տեղադրում էր սոխի փոքր կտոր և այդպես թողնում էր ամբողջ գիշերվա ընթացքում: Առավոտյան հետևում էին կնոջ շնչառության թարմությանը: Իմաստն այն էր, որ հղի կնոջ արգանդը փակվում է, և սոխի գոլորշիները չէին բարձրանում վերին շնչուղիներ:
Աղբյուրը՝ Doctors.am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել