Ես լեզվի մասնագետ չեմ, բայց ես մտավորական եմ, հասարակագետ։ Ինձ համարում եմ տեսության (մեգաէկոնոմիկա) հիմնադիր։ Ուստի ամեն օր բախվում եմ մտքերս արտահայտելու խնդրին։ Շփվում եմ տարբեր երկրների մասնագետների հետ։ Գրել եմ 19 գիրք և 68 հոդված։ Գրքերս գրել եմ 4 լեզուներով՝ Արմեներեն (հայերեն), ռուսերեն, անգլերեն և ուկրաիներեն։ Նկատի ունեցեք, գրել եմ և ոչ թե թարգմանել։ Բացի այդ՝ ազատ շփվում եմ ևս 2 լեզուներով՝ գերմաներեն և ֆրանսերեն։ Ի՞նչ է ինձ հուշում իմ անձնական աշխատանքային փորձը։ Մեկ էջ հայերենը հավասար է 0.8 էջ ռուսերենի, 0.75 ուկրաիներենի, 0.9 գերմաներենի և 0.7 անգլերենի։ Դա է պատճառը, որ իմ վերջին արմեներեն գիրքը գրել եմ 2001թ։ Գրել արմեներեն, նշանակում է 20-30% ավել ժամանակ ծախսել։ Ինչո՞ւ։ Սիրում ենք անընդհատ ասել՝ մեր լեզուն (պետական) ամենագեղեցիկ լեզուներից է։ Խստորեն կասկածում եմ։ Այն աշխարհի աղքատ (ինչպես և մեր տնտեսությունն է) լեզուներից է։ Օրինակ՝ վերցնենք բառերի քանակը։ Ըստ իս՝ այսօր մեր լեզվում կա շուրջ 100000 բառ։ Դա հեշտորեն ստուգվում է բացատրական կամ թարգմանչական բառարանների միջոցով։ Այսպես՝ 1984թ հրապարակված Հայ-ռուսական բառարանում (գլխ խմբագիր Ե. Գալստյան) կա 75000 բառ, գրեթե նույնքան 1976թ. Է. Աղայանի բառարանում։ Ռուսական ակադեմիական բառարանում (1970թ.) կա 132000 բառ։ Ըստ USA Today-ի՝ 2010-ին անգլերենում կար 999985 բառ, չինարենում՝ 500000, գերմաներենում 250000, ճապոներենում՝ 232000, իսպաներենում՝ 225000, ռուսերենում՝ 195000, (http://news.flarus.ru/?topic=1115; http://www.norma-tm.ru/psychological_war.html)։ Անշուշտ, լեզվի հարստությունը միայն բառերի քանակի մեջ չէ։ Բացի այդ՝ բառերի քանակի հաշվարկի միասնական մեթոդաբանություն չկա։ Բայց, օրինակ, ո՞վ է մեզ իրավունք տվել թարգմանելու կոմպյուտեր կամ ինֆլյացիա բառերը։ Ոչ միայն նրա համար, որ կոմպյուտեր բառը համակարգիչը չէ, իսկ ինֆլյացիան ամենևին էլ գնաճը չէ։ Նրա համար, որ դրանք բառ-գործառույթներ, բառ-ինստիտուտներ, բառ-առարկաներ են։ Անգլերեն լեզուն օրական ավելանում է 15 բառով։ Շեքսպիրը միայն այն հարստացրել է 1700 բառով։ Պուշկինը ռուսաց լեզուն հարստացրել է 24000 բառով։ Իսկ մենք նստած թարգմանում ենք ամեն բառ՝ ամենևին էլ դրա իրավունքը չունենալով։ Աշխարհում ամեն տարի արվում է 1.5 մլն պատենտ, գրանցվում է 3 մլն ապրանքանիշ։ Հիմա պիտի թարգմանե՞նք ամեն բան։ Դա ի՞նչ լեզվական շովինիզմ է։ Ամբողջ օրը գոռում ենք՝ արմեներենը միակ պետական լեզուն է։ Ճիշտ է։ Բայց եկեք զարգացնենք այն։ Սիջնադարում ունեցել ենք 60000 բառ։ Ոչ մի անգլերեն մեզ չէր հասնի։ Հիմա մենք ունենք 100000, իսկ նրանք 1000000։ Ու մի բան էլ։ Ժամանակը չէ՞ մեր երկիրը Արմենիա անվանելու։ Աշխարհի երկրների 80%-ը մեզ Արմենիա է անվանում։ Իսկ մե՞նք։ Հայաստանը ո՞րն է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hrant.bagratyan/posts/1484426561614857
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել