Բարսելոնայի կենտրոնում փիքափը հետիոտներին վրաերթի է ենթարկել, ինչից հետո երկու զինված անձ ներխուժել են քաղաքի ռեստորաններից մեկը: Այդ մասին հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը:
Փիքափը շարժվել է Բարսելոնայի տուրիստական կենտրոնում հավաքված մարդկանց ուղղությամբ, կան վիրավորներ: Ռամբլա փողոցը շրջափակվել է, փակվել է մետրոն: Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության ավտոմեքենաներ:
Վիրավորների թիվը ներկա դրությամբ հայտնի չէ: El Periodico-ի տեղեկություններով՝ զոհվել է մեկ, տուժել նվազագույնը 20 մարդ:
Ոստիկանությունը հայտարարել է, որ տեղի ունեցածը համարվում է ահաբեկչություն:
Իշխանությունները տեղեկացնում են, որ խոսքը գնում է սպիտակ ավտոմեքենայի մասին: Վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել, ոստիկանությունը նրան է որոնում:
Թարմացում
Ոստիկանությունը հաղորդում է, որ նա 1.70 սմ հասակով տղամարդ է: Նրա հագին սպիտակ վերնաշապիկ է եղել: Հավանաբար, նա Կատալոնիայի հրապարակի մոտակա Լա Ռամբլա փողոցում վրաերթ իրականացրած վարորդն է:
Լա Ռամբլա փողոցը համարվում է Բարսելոնայի զբոսաշրջային հատվածի սիրտը, որտեղ բազմաթիվ այցելուներ են զբոսնում: Միջադեպից հետո, որին տասնյակից ավելի մարդիկ են զոհ գնացել, և շուրջ 32 վիրավոր կա այս պահի դրությամբ, փակվել են մետրոյի կայարանն ու խանութները:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտնել է, որ կապ է պահում ոստիկանների հետ և մտադիր են այցելել վիրավորներին:










