Կարեն Կարապետյանի կառավարության առաջ բերած նոր մոտեցումներն ու աշխատելաոճն իրական պատուհաս են դարձել սովետական ոճով աշխատող շատ պաշտոնյաների համար։ Ու պատահական չէ, որ այս ամիսներին անընդհատ լսում ենք այս կամ այն կոռումպացված պետծառայողի աշխատանքից ազատման, դատական վարույթներ սկսելու ու բացված գործերի մասին։
Ու թվում էր, թե կոռուպցիոն երևույթների դեմ սկսված այս պայքարը պետք է լուրջ ազդակ դառնա երկրի համար պատուհաս դարձած շատ ու շատ պետծառայողների համար, բայց արի ու տես՝ նրանցից շատերը, գլուխներն ավազի մեջ մտցրած, թաքուն հույս են պահպանում, որ հաջորդ պաշտոնը լքողն իրենք չեն լինելու, և փոփոխությունների ալիքն իրենց շրջանցելու է։
Փոխվել չցանկանալու պատճառը գուցե ագահությունն է, գուցե կոմֆորմիզմը, գուցե տարիքն ու կարծրացած սովորույթները, երբ նոր բան սովորելու կամ հնից հրաժարվելու ո՛չ ցանկություն, ո՛չ էլ ուժ ունեն։ Այս դեպքում այլ բան չի մնում, քան այս կադրերից ազատվելն ու նրանց անվան վրա յուղոտ խաչ քաշելը։
Նմանատիպ իրավիճակ է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանի դեպքում։ Տխրահռչակ այս դատավորը, ում անվան շուրջ աղմկահարույց պատմություններ Լոռու մարզում մի քանի տարի աշխատելուց հետո հաճախ կարելի է լսել, իր արատավոր գործելաոճն այժմ էլ Երևանում է բանեցնում։
Օրերս համացանցում տարածվեց փաստաբան Նորայր Նորիկյան խոսքը Նաիրա Ավետիսյանի կայացրած ապօրինի վճիռներից մեկի մասին. «Այս մարդիկ, որոնք կրում են դատավորի բարձր կոչումն ու կոչված են արդարադատություն իրականացնել, պատրաստ են այս կամ այն պատգամավորի, այս կամ այն քուչի, այսպես կոչված, լավ տղու պատվերով վճիռ հրապարակել, քանդում են մեր պետության հիմքերը»։
Նաիրա Ավետիսյանը հայտնի է նաև որպես «Ժողովուրդ» թերթի հայցը մերժած դատավոր։ Գործարար Խաչիկ Խաչատրյանը թերթի լրագրողին «պռաստիտուտկա» էր անվանել, երբ վերջինս փորձել էր տեղեկություն ստանալ ձվերի շուկայում կատարվող ապօրինությունների մասին։ Թերթն էլ դիմել էր դատարան։ Տեւական դատաքննությունից հետո դատավորը 2013 թվականին ոչ միայն մերժել էր թերթի հայցը, այլեւ պարտադրել «Ժողովուրդից» բռնագանձել 100 հազար դրամ՝ գործարարի փաստաբանների համար։
Ասում են՝ Դատական դեպարտամենտում գործեր են նախապատրաստվում Նաիրա Ավետիսյանի դեմ, և շուտով մեծ աղմուկ է լինելու։ Մնում է սպասել ու հուսալ, որ սա արատավոր անվամբ պետծառայողի դեմ վերջին գործը չի լինի, ու առաջիկայում նույնպես պետական համակարգը մաքրելու ուղղությամբ լուրջ քայլերի ականատեսը կլինենք։