Ճիշտ է, հեռվից խորհուրդ տալը հեշտ է, բայց երբ նայում եմ այս նկարին, մտածում եմ, որ կարելի էր շատ ծառեր փրկել:
Փորձից ելնելով՝ ասեմ՝ ինչպես: Իսկ նման իրավիճակի համար գործնական փորձ ձեռք էի բերել տարիներ առաջ՝ հեռուստատեսությամբ դիտելով, թե ինչպես են աֆրիկյան սավաննաներում պայքարում կրակի դեմ: Իսկ կրակի դեմ պայքարում էին... կրակով:
Նայելով այս նկարին՝ մտածեցի, որ հրդեհի զավթած տարածքներում կարելի էր մեծ թվով ծառեր փրկել, հատկապես բացառիկ գիհիները: Շատ ծառեր իրարից հեռու են, ինչպես տեսնում եք: Մի քանի անձ, մինչև կրակը մի ծառի մերձակայքից կտեղաշարժվեր մյուս ծառին, այդ ծառի շուրջը սկսում են օղակաձև հրդեհել խոտը և հանգցնել: Առաջանում էր, ասենք, 1-2 մետրանոց այրված բուֆերային գոտի: Հրդեհը շարժվելով դեպի այդ ծառը՝ հանդիպելով այդ արհեստական այրված գոտու մոխրաշերտին՝ չէր գտնում վառելիք և հանգում էր: Այսպես շարունակելով չոր խոտն այրել՝ հրդեհված տարածքներում օազիսի պես կմնային չայրված ծառեր: Եկող տարի խոտածածկը կրկին կվերականգնվեր, իսկ ծառեր կենդանի կմնային... Իսկ հիմա՝ տասնամյակներ են պետք վերականգնելու այդ տարածքների ծառածածկույթը...
Հ.Գ. Բնականաբար, ելնելով տեղանքից՝ հնարավոր չէ բոլորը փրկել, բայց այս մեթոդիկայով՝ կարելի է շատ ծառեր փրկել: Միգուցե և կիրառել են ՀՀ-ում վերջին շրջանի մեծ հրդեհների ժամանակ, լավատեղյակ չեմ էպիկենտրոններում տարված աշխատանքներին: Եղածն արդեն եղած է, ուղղակի սա մի ձև է, որը կարելի է հետագայում նման իրավիճակներում կիրառել: Քանի անգամ եղել է, որ մայրուղիներով գնալիս հանդիպել եմ հրդեհների (հավանաբար ծխախոտի այրվող մնացորդը մեքենայից դուրս նետելու արդյունքում), ու եթե այդ հրդեհի ճանապարհին տեսել եմ արժեքավոր թուփ կամ ծառ՝ այս մեթոդով կարողացել եմ զերծ պահել այդ բույսը հրո լեզվակներից: Ուղղակի հիշելով այդ մասին՝ այս գրառումն արեցի: