Խոսրովի անտառի հետ կապված մի նկատառում անենք: Ըստ էության՝ սա հերթական ֆարսն էր, որի առջև կանգնեց ոչ միայն հասարակությունը, այլև հենց ինքը՝ իշխանությունը, կամ ավելի կոնկրետ՝ Սերժ Սարգսյանը: Տարիներ շարունակ պետական քարոզչական մակարդակով անընդհատ խոսվել է ուժային կառույցների՝ մասնավորապես ԱԻՆ, ՊՆ, Ոստիկանության, որպես պետական ինստիտուտներ կայացման մասին: Եվ այսպես կոչված ենթադրյալ բարեփոխումները, որոնք պետք է լինեին համակարգը այս կամ այն չափով ոտքի հանելու համար, պարզվում է՝ չի արվել: Նմանատիպ իրավիճակ էր նաև ապրիլյան քառօրյային, երբ շուրջ քսան դար տարածաշրջանում անպարտելի համարվող հայկական բանակի մոտ բավականին լուրջ խնդիրներ ի հայտ եկան: Բանակն այն սիմվոլիկ ու եզակի կառույցներից էր, որը ինչ-որ չափով ապահովում էր հասարակություն-իշխանություն կապը, և հանրության մեծ մասը, դժգոհ լինելով իշխանություններից, համեմատաբար ներդաշնակ պատկերացումներ ու վերաբերմունք ուներ բանակի նկատմամբ: Քառօրայից հետո, սակայն, բազմաթիվ լոյալ մարդիկ արդեն կասկածանքով սկսեցին վերաբերվել բանակին ու այնտեղ տիրող մթնոլորտին, սակայն քանի որ Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը շարունակում է մնալ բանակը, հանրությունը, ուզած, թե չուզած, շարունակում է նեյտրալ վերաբերմունքը բանակի նկատմամբ, թեպետ և այն ակնածանքը, որ տածվում էր ՊՆ-ի հանդեպ, հիմա, վստահաբար, կարող ենք ասել՝ չկա: Ինչ մնում է ԱԻն-ին, նույն պատկերն էլ այստեղ է: 200 հեկտար հող է վառվել, սակայն Հայաստանի իբր թե ամենակայացած կառույցներից մեկը մինչ այսօր չի կարողացել մարել կրակը: Հրդեհն, իհարկե, բնության չարիք է, նույնիսկ եթե ինչ-որ մեկը դիտավորյալ փորձել է վնասել նրան, սակայն այն պատճառաբանությունները, որոնք բերվում են ի հակադրումն դրա, մեղմ ասած՝ վստահություն չեն ներշնչում: Օրինակ՝ այն, որ Խոսրովի արգելանոցի ռելիեֆը կտրված է ու դժվարացնում է փրկարարների աշխատանքը: Կներեք, բայց չէ՞ որ դա քաղաքացու խնդիրը չէ: Կամ ի՞նչ է նշանակում՝ հատուկ խնդրանքով դիմել ՌԴ կառավարությանն ու համանուն գերատեսչությանը Հայաստանին հրշեջ ինքնաթիռ հատկացնելու համար: Ինչո՞ւ մենք չունենք այդ ինքնաթիռից: Այսինքն՝ ինչ է ստացվում. պետք է փորձանքը գա, թակի մեր դուռը, որպեսզի նոր խելք-խելքի տանք ու հասկանանք՝ ինչ լուրջ մարտահրավերի առաջ ենք կանգնա՞ծ: Էլ չասած այն չհամակարգված գործողությունների մասին, որոնք այս պահին տարվում են հրդեհը մարելու համար: Քաղաքացիական խմբերից, ոստիկաններից, հրշեջներից կազմված մարդկանց թիվն այս պահին հասնում է մոտ հազարի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: