Խոսրովի արգելանոցում տեղի ունեցածը եթե մի բառով կոչենք, ապա խայտառակություն է, այլապես ինչպե՞ս կարելի է պատկերացնել, որ 200 հեկտար անտառը մինչ հիմա չի հաջողվում լիովին մարել։ Ընդ որում՝ այդ աշխատանքներում ներգրաված են ինչպես արտակարգ իրավիճակների նախարարությունը, այնպես էլ պաշտպանության նախարարության աշխատակիցներն իրենց տեխնիկայով (երկու ուղղաթիռ այս պահին գտնվում է արգելանոցի երկնքում), էլ չասած ոստիկանության աշխատակիցների ու սովորական հարյուրավոր քաղաքացիների մասին, ովքեր այս պահին գտնվում են անտառում ու օգնում են հրդեհի մարման աշխատանքներին։ Ինչո՞ւ պիտի հասարակական խմբերն ու քաղաքացիները հասնեն Վայոց ձոր, եթե մենք ունենք արտակարգ իրավիճակների նախարարություն։ Հիմա, անշուշտ, շատերը կասեն՝ դե, դեպք է, տեղի է ունեցել, բայց չէ՞ որ խոսքը մեծ աղետի մասին չէ։ Բարեբախտաբար, զոհեր չկան։ Ինչո՞ւ նախարարությունը չի կարողանում արդեն երեք օրից ավել մարել այդ հրդեհը։ Սա մտահոգության թեմա է։ Դեռ այսքանն էլ քիչ էր, անելանելի իրադրությունից դուրս գալու համար ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դիմել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը հավելյալ ուղղաթիռի տրամադրման համար՝ սրանով փաստելով, որ ի վիճակի չէ այս պահին սեփական միջոցներով մարելու հրդեհը։ Իսկ թե այսքանից հետո ինչու պիտի Հայաստանի քաղաքացիները վստահեն պետական ու հատկապես ուժային կառույցներին (տնից-տեղից հեռու, արտակարգ իրավիճակի դեպքում), մնում է միայն գուշակել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=267028063800133&id=100014788247740
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել