Վերջին օրերին նորից խոսակցությունններ են գնում ՌԴ-ից մատակարարվող գազի գնի շուրջը։ Իշխանություններն իրենց ալիքներով նրբորեն աշխատում են մամուլի միջոցով հետևյալ ուղերձները ժողովրդին հասցնելու ուղղությամբ. 1) գազի գինը ճիշտ բարձրանալու է, բայց քանի որ մերոնք (Սերժ Սարգսյանը) շատ ճարպիկ ու հարգված են, ապա նրանց խաթեր այն ավելի քիչ է բարձրանալու, քան պիտի բարձրանար։ Նման բան կարելի է ասել ինչքան ուզես. չէ՞ որ, բնականաբար, ոչ ոք չգիտի, իսկ ինչքան պիտի բարձրանար (համեմատելու շեմ չկա)։ 2. Ռուսական մի շարք պաշտոնյաներ Երևանում հայտարարեցին, որ Հայաստանը տարածաշրջանում ամենաէժան գներով է գազը ստանում։ Կատարյալ սուտ, քանի որ ՌԴ-ն տարածաշրջանում գազ մատակարարում է վրացիներին ու մեզ և ընդ որում Թբիլիսիում 1մ 3 գազի համար վրացին վճարում է 110000 դրամ, իսկ երևանցին վճարում է 132000 դրամ։ 3. Երևանն իբր գազն ավելի էժան է ստանում (180 դոլար), քան աշխարհում առկա գներն են։ Սա էլ է ստերի շարքից։ Բանն այն է, որ 180-ը (ի դեպ, մաքսայինի տվյալներով Հայաստանը վաղուց վճարում է ավել, քան 180-ը) վերաբերում է մեծածախ գնին։ Սա այն գինն է, որով ռուսական մի կազմակերպություն (Գազպրոմը) գազը վաճառում է ռուսական մեկ այլ կազմակերպությանը՝ Հայռուսգազարդին։ Իսկ վերջինս էլ դրա վրա 150 դոլար ավելացնում է և վաճառում հայերին։ Եթե հաշվի ենք առնում գազի որակը և մեր ստանդարտները (կալորիականությունը եվրոպականից ցածր է), ապա հայկական սպառողն իրականում տալիս է 420 դոլար։ Սա է ճիշտ թիվը։ Այստեղ կա մի էական պարագա. երբ ՌԴ-ն ավելի բարձր մեծածախ գնով վաճառում է, ասենք, Ուկրաինային, ապա այնտեղ վերջնական մանրածախ գինը ձևավորվում է՝ ելնելով դրանից ու այն վրաեկից, որն ավելացնում է ուկրաինական Նավթագազը։ Ի տարբերություն Ուկրաինայի՝ Հայաստանում այս գործարքների մեջ հայկական կողմ իրավաբանորեն չկա։ Հայաստանը Ռուսաստանից գազ չի գնում։ Մեր պարագայում ռուսական մի կազմակերպություն այդ գազը վաճառում է ռուսական մեկ այլ կազմակերպության։ Գազի մեծածախ գինն ինչքա՞ն է Հայաստանի պարագայում 0-ական՝ նշանակություն ունի։ Հային հետաքրքրում է մանրածախ գինը, որն ուկրաինականից բարձր է (վրացականից էլ)։ Հիմա գազի գինը բանրձրանալու է։ Է մե՞զ ինչ։ Բարձրանալու է ուրեմն ռուսական A կազմակերպությունը (Գազպրոմ), ռուսական Б կազմակերպությանը (Հայռուսգազարդին) գազը վաճառելու է է ավելի թանկ։ Հայաստանի նախագահը այստեղ խառնվում է, որ ի՞նչ։ Մի րոպե պատկերացնենք, թե չի խառնվում (և ճիշտ էլ կանի, որ չխառնվի)։ Կարծում եք՝ ռուսներն առանց վերահսկողության գի՞ն են բարձրացնելու։ Ոչ։ Նրանց հասույթը 2 տարրից բաղկացած՝ գազի գին x սպառման ծավալ։ Գինը բարձրացնեն՝ ծավալը կիջնի։ Միևնույն է, գալիս է մի պահ, որ մեկ միավոր գազի գնի բարձրացումը կրճատում է սպառումը ավելի քան 1 միավոր։ Ու չկասկածեք, որ եթե մերոնք չխառնվեն, ապա գազի մանրածախ գինը հաստատ ավելի ցածր կլինի։ Լավ, իսկ մերոնք ինչո՞ւ են խառնվում։ Ենթադրում եմ, որ դա ռուսների ուզածն է։ Անտեղի խառնվելով՝ մերոնք իրականում ոչ թե իջեցնում են գինը, այլ արդարացնում են դրա անընդհատ բարձրացումը։ Ռուսների աչքն են մտնում։ Իսկ Հայաստանում ասում են, թե մենք չլինեինք, գինն ավելի բարձր կլիներ։ Էլ ո՞վ է վերլուծելու, թե եղբայր, այդ ինչի՞ համեմատ ավելի բարձր պետք է լիներ։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/hrant.bagratyan/posts/515130491877807?ref=notif¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել