Փողոցների անվանակոչումներն ու անվանափոխումներն ինքնանպատակ չպետք է լինեն: Փողոցներն ու տեղանքները սովորաբար անվանակոչում են.
1) տվյալ երկրի կամ բնակավայրի հայտնի անձանց անունով, որոնք դրական ավանդ ունեն (օրինակ՝ Խորենացի, Սպանդարյան, Փափազյան, Շերամ, Օրբելի, Քաջազնունի, Անդրանիկ, Արամ և այլն), տեղանքային (օրինակ՝ Ծարավ Աղբյուրի, Անտառային և այլն), մասնագիտությունների պատվին (Շինարարների, Մետաքսագործների և այլն), պատմական իրադարձությունների պատվին (Մայիսի 9-ի, Օգոստոսի 23-ի, Ազատության և այլն), բարեկամ պետության պատվին (Մոլդովական, Ռոստովյան, Ֆրանսիայի, Իտալիայի և այլն), ազգի բարեկամ անձանց անուններով (Նանսեն, Տիչինա, Գրիբայեդով և այլն): Եվ այլն:
2) Տվյալ երկրում՝ անկախության ձեռք բերումից հետո, շատ նորմալ է, երբ փոխում են տիրապետող երկրի (էթնոսի) կողմից բնակավայրերի վրա հաստատված անվանումները, առաջին հերթին՝ վերականգնելով հին ու տվյալ ազգին պատկանող պատմական անունները, իսկ մյուսները՝ նոր ու տվյալ ազգին հոգեհարազատ անուններ տալով (օրինակ Մասիսի շրջանը, որը նախկինում կոչվում էր Զանգիբասար, իսկ գյուղերն ունեին գրեթե ամբողջությամբ թյուրքական անուններ):
3) Տվյալ երկրում քաղաքական իշխանության փոփոխմամբ՝ կարող են փոփոխվել նաև որոշ տեղանուններ, որոնք բացառապես նախկին համակարգի կողմից՝ իր անունը և իշխանություն ցույց տալու նպատակով են ամրագրվել, չնայած կամ չունեն դրական դեր այդ երկրում կամ անգամ հակառակը՝ բացասական դերակատարում են ունեցել (օրինակ՝ Կարմիր Բանակի, Սովետական, Ձերժինսկի, Նոր կյանք, Ապագա, Լուկաշին, Կրուպսկայա, Բերիա, Մոլոտով, Աթարբեկյան, Կասյան, Ազիզբեկով և այլն): Պետական համակարգային փոփոխության դեպքում շատ նորմալ է, որ նման արհեստական կամ բացասական անվանումները փոխվում են:
Պետությունը, բնակավայրը նաև անվանումներով է դեմք ունենում: Որքան կարևոր են ճարտարապետական լուծումները, նույնքան՝ նաև անվանումները: Եթե Անկախ Հայաստանի տարբեր ժամանակներում անվանափոխումներ չլինեին օրինակ մայրաքաղաք Երևանում, հիմա կունենայինք մի քաղաք, որտեղ յոնջլախներ, թոխմախներ, չարխիմայլաներ, սիլաչիներ, կռիվոյռոգներ, ազիզբեկովներ, ֆուրմանովներ և էլի բազում նման անուններ կլինեին ու չէր հասկացվի՝ սա Հայաստանի մայրաքաղաքն է՞, թե՞ թյուրքապարսկական կամ սովետական ինչ որ տարածք:
Օտար և կեղծ տեղանունների մեծ մասի անվանափոխումն արդեն իրականություն է, բայց դեռ որոշ բացթողումներ կան: Մտածված, առանց պաթոսների ու շտապողականության, նախընտրելի է՝ հանրային կարծիքի լսումներով՝ շտկել նաև դեռևս մնացածը: Շատ արժանի անձիք ունենք, որոնք արժանի են իրենց անուններն անմահանան նաև այս ճանապարհով: Պետք է նկատի ունենալ, որ հատկապես բնակավայրի և փողոցի անվանափոխումը նաև աշխատատար ու ծախսատար գործընթաց է:
Այս օրերի քննարկումները հիմնականում սևեռվել են բոլշևիկյան համակարգի կուսակցական-պետական որոշ անձանց անուններով փողոցների վերանվանման կամ նույնը թողելու շուրջ: Բայց մարդիկ երբեմն ծայրահեղության են հասնում: Ամեն համակարգի ժամանակ եղել են և արարող և դերակատարում չունեցող և անգամ վնասարար անձիք: Պետք է սառը դատողությամբ և գործերը քննելով մոտենալ խնդրին: Ասել, որ կոմունիստ է եղել՝ ճիշտ չի լինի: Այլապես պետք է ջնջել օրինակ Մյասնիկյանների, Ալիխանյանների, Մերգելյանների, Արամ Խաչատրյանների, Նելսոն Ստեփանյանների և շատ-շատերի անունները, որոնք նաև կոմունիստական կուսակցության անդամներ են եղել: Բայց նրանք գնահատվել են ոչ թե որպես կուսակցական ֆունկցիոներներ, այլ ազգի ու երկրի համար ավանդ ու ներդրում ունեցող, ազգի անունը բարձրացնող անձիք: Բայց օրինակ պետք են սրբվեն այն անվանումները, որոնք պատմության քննությունը չեն բռնել կամ ավելին՝ սև բիծ են թողել, ինչպես Ավիս Նուրիջանյանները, Աթարբեկյանները, Սարգիս Կասյանները և այլն, որոնց ձեռքով (որոշում կարգադրություններով) ոչնչացվել են հազարավոր մարդիկ, որոնք ընդամենը ծառայել են ռեժիմին՝ առանց դրական ներդրում ունենալու, որոնք վերապրուկ են պատմության սև էջերի: Ամեն անունը պետք է քննվի, պետք է նժարի երկու կողմերում դնել դրականն ու բացասականը՝ նոր որոշում կայացվի:
Խորհրդային անցյալը չի կարելի միայն մեկ պրիզմայով նայել: Եղել են և շատ վատ բաներ և շատ լավ: Այո, նա ուներ քաղաքական սև պատմություն բազում էջեր (Հայաստանի անկախության վերացում, 30-ականների ռեպրեսիա (տասնյակ հազարավորների աքսոր, մահապատիժ, մատնություն), տարբեր տարիների, հատկապես 40-ականների վերջի՝ 1949-ի զանգվածային բռնաքսոր, խոսքի և մշակութային սահմանափակումներ, բայց նաև՝ նվազագույն սոցիալական խնդիրները լուծող համակարգ: Այստեղից էլ՝ շատերի կարոտախտը: Բնական է, որ 20-րդ դարասկզբի համեմատ՝ 70 տարվա ընթացքում պետք է դրական դինամիկա ունենար: Բայց դա անկախ Հայաստան չէր: Եթե սովետա-թուրքական դավադրությամբ չխորտակվեր 18-20թթ. Հայաստանի Հանրապետությունը, մի գուցե (իմ ներքին համոզմամբ՝ հաստատ) շատ ավելի լավ երկիր հիմա ունենայինք: Բայց ունենք այն՝ ինչ ունենք: Պատմությունը «եթե»ներ չի սիրում: Կար Խորհրդային Միությունը՝ այսօր այն չկա:
Մենք այսօր կերտում են նոր Անկախ Երկիր: Այն պետք է մարմնացումը լինի պատմության իր լավ անցյալի, որ հավերժացնի իրական մեծերի անունը և դաստիարակիչ լինի ապագա սերունդների համար: Ապագա ուժեղ տնտեսությամբ, բարձր մշակույթով, հզոր պաշտպանությամբ և հայահավաք Հայաստանի համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arthur.yeghiazaryan/posts/10214314623127513?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1502446455690241
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել