Շարքային Արմեն Շախիկյանը ձայնագրիչի առջև խոսելուց այնքան համարձակ չէ, ինչպես դիրքերում. բառերն ընտրում է զգուշավորությամբ և երկար մտածելուց հետո: Մինչդեռ դիրքերում չափազանց զգոն է ու արագ կողմնորոշվող: Կրծքին կրում է «Վազգեն Սարգսյան» մեդալը, որը մարտի 30-ին նրան հանձնեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` մարտական հերթապահության ժամանակ վճռականություն և խիզախություն ցուցաբերելու համար: Զինվորի մտքում տպավորվել են Սպարապետի հետևյալ խոսքերը` «Մեր ճակատագիրը մեր ձեռքերում է»: «Այդպես էլ դիրքերում է, յուրաքանչյուր զինծառայողի ճակատագիրն իր ձեռքերում է,-ասում է Արմենը և հավելում,-զգոնություն և աչալրջություն, հրամանների ճշգրիտ կատարում, և ոչ մի սպառնալիք չկա»: 9 ամսվա զինծառայողը ծառայության մասին արտահայտվում է մեկ բառով` լավ է, խնդիրներ չի ունեցել, հաջողություններն էլ ակնառու են: Արմենին, ծնողներից բացի, հարազատ Ալավերդիում սպասում է նաև ընկերուհին: Իմացել է իր ընտրյալի խիզախության մասին, հպարտությամբ է լցվել, ոչ առանց հպարտության պատմում է երիտասարդը:

Պակաս հերոսություն չի ցուցաբերել նաև կապիտան Սմբատ Վարդանյանը, որ արագ կողմնորոշվել է և փրկել դպրոցական երեխայի կյանքը. «Երկու շաբաթ առաջ էր, ընդմիջման ժամին, երբ տուն էի գնում` հանգստանալու, Սարալանջ փողոցում հանկարծ կանացի ճիչեր լսեցի, մոտեցա և նկատեցի, որ երեխան անշարժ ընկած է գետնին: Շտապ բացեցի երեխայի բերանը, արհեստական շնչառություն տվեցի ու առաջին օգնություն ցուցաբերեցի: Տեսնելով, որ նա ուշքի է գալիս, տեղափոխեցի հիվանդանոց»,- հիշում է կապիտանը: Սմբատ Վարդանյանը նախարարի կողմից պարգևատրվեց «Վազգեն Սարգսյան» մեդալով:

Պայմանագրային զինծառայող, սերժանտ Հայկ Մարտոյանի յուրաքանչյուր օրն էլ հերոսական է: Արդեն տասներկու տարուց ավելի մարտական հերթափոխող Հայկը ունի երկու երեխա, երրորդն էլ շուտով կծնվի: Սեյրան Օհանյանը նրան պարգևատրեց «Մարտական հերթապահության համար» 1-ին աստիճանի մեդալով:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նույն օրը պարգևատրեց նաև ավագ լեյտենանտ Ապետ Սարգսյանին և ավագ Արթուր Վարդումյանին: Մտերմիկ զրույցի ընթացքում պաշտպանության նախարարը զինծառայողներին ընտանեկան անսպառ ջերմություն մաղթեց. «Մեր փրկությունը երեխաների, մեր ապագա սերնդի մեջ է: Եթե ուզում ենք մշտապես հաղթած լինել, պետք է «օրորոցային վրեժ» հայտարարենք հակառակորդին: Այսինքն` ինչքան ծնունդները շատանան, ազգը շատանա, այնքան ավելի հեշտ կլինի մեր երկրի պաշտպանությունն իրականացնել: Իհարկե, մենք պետք է ունենանք կրթված և բանիմաց սերունդ»,- նշեց Սեյրան Օհանյանը:

Շնորհավորելով զինծառայողներին պարգևատրման կապակցությամբ` ՀՀ պաշտպանության նախարարը համոզմունք հայտնեց, որ բանակի հզորությունից է կախված մեր ժողովրդի անվտանգությունը և կարևորեց զինծառայողների ցուցաբերած խիզախությունը: Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ նրանց խիզախությունը պետք է օրինակելի լինի ազգային բանակի բոլոր զինծառայողների համար. «Մենք պետք է հասնենք այնպիսի իրավիճակի, որ մեր սպայի, պայմանագրայինի և զինվորի ինքնապատրաստության և ընդհանուր առմամբ նվիրումի միջեւ տարբերություն չլինի»,- ասաց պաշտպանության նախարարը:

Անմիջական զրույցի ընթացքում վերացավ նախարար-ենթակա հանգույցը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետաքրքրվեց զինծառայողների թե՛ նյութական ապահովվածության, թե՛ սոցիալ-կենցաղային պայմաններին, խոսեց նրանց հուզող հարցերի շուրջ: Սեյրան Օհանյանը հայրենիքի պաշտպաններին մաղթեց ոգու արիություն, տոկունություն, առողջություն և բարի ծառայություն:
Հեղինակ` Gevorg Tosunyan (էջի ադմին)
Hayzinvor.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել