«Ներկայացնում ենք նոր սվաստիկան»,- հայտարարել են ընկերության դիզայներները։
Ամերիկյան Teespring ընկերությունը շապիկների նոր հավաքածու է թողարկել՝ Նացիստական Գերմանիայի խորհրդանիշ համարվող սվաստիկայով։
Teespring ընկերության հրապարակած գովազդային հոլովակում ասվում է․ «Սա սվաստիկa է, որը 5000 տարուց էլ հին պատմություն ունի։ Այն խաղաղության, սիրո, հաջողության, անսահմանության և կյանքի խորհրդանիշն է»։
Որքան էլ սպասելի էր, շատ մարդիկ բացասական վերաբերմունք են ցուցաբերել նոր շապիկներին՝ պնդելով, որ այն ֆաշիստների խորհրդանիշն էր, ոչ թե խաղաղության ու սիրո։
«Չմոռանանք, որ սվաստիկան 6 միլիոն մարդու է սպանել»,- իր թվիթերյան միկրոբլոգում գրել է մի օգտատեր՝ նկատի ունենալով Հոլոքոստի զոհերին։
ԱՄՆ-ում գործող հրեական ADL հասարակական կազմակերպությունն էլ հայտարարել է, որ սվաստիկայով շապիկները շատ վիրավորական են, և անգամ նորաձևությունը չի կարող ատելության խորհրդանիշը վերածել այլ բանի։
«Մեր նախագիծը միտված էր խաղաղություն և համերաշխություն քարոզելուն, սակայն երբ մարդկանց աչքին երևաց սվաստիկան, նրանք միանգամից ագրեսիվ դարձան և ամեն ինչին բացասաբար արձագանքեցին»,- նշել են Teespring-ի՝ սվաստիկայով շապիկների դիզայներները։
«Մենք հասկանում և ընդունում ենք ձեր բոլոր քննադատությունները։ Բայց այնուամենայնիվ, մարդկանցից չէինք սպասում այսչափ ատելություն։ Մենք բոլորս դեմ ենք նացիստական արժեքներին, և երբեք չենք փորձել սատարել նրանց։ Ցավոք, շատերը մեզ անգամ նացիստներ կոչեցին։ Մենք ներում ենք նրանց, և հույս ունենք՝ մեզ էլ կներեն»։

Ընկերությունը որոշեց փոխել նոր շապիկների դիզայնը՝ սվաստիկայի վրա կարմիր արգելող նշան դնելով։



