Վաղուց անցել են այն ժամանակները, երբ կարող էինք Հայաստանում որևէ քաղաքական ուժի տիտղոսային ընդդիմություն կոչել։ Վերջին ակորդը երևի թե ՀԱԿ-ն էր հեռավոր 2012 թվականին։ Սակայն խորհրդարանական ընտրություններից հետո այդ ուժը բռնեց մարգինալացման ուղին, որը շարունակվում է մինչ այսօր։ Անշուշտ, ընդդիմադիր ուժեր Հայաստանում կան՝ ԵԼՔ, Երկիր ծիրանի (այս երկուսը գոնե որոշակիորեն ներկայացված են պառլամենտում ու մունիցիպալ կառավարման ոլորտում): Սակայն տեսեք՝ ինչ է ստացվում։ Հայկական քաղաքականության մշակույթի մաս է դառնում աստիճանաբար հետևյալ երևույթը։ Եթե դու հայտնվել ես խորհրդարանում ու չունես բավարար լծակներ որոշումների վրա ազդելու, ապա կա՛մ պետք է մանդատը դնես, կա՛մ փողոցային պայքար մղես։ Դու սկսում ես ասոցացվել իշխանության հետ, քանի որ ուզես-չուզես, խորհրդարանական տարբեր պատվիրակությունների հետ պետք է մեկնես գործուղումների, համապետական ծրագրեր իրականացնես և, վերջապես, մարդկանց հետ տարիներ շարունակ նույն շենքում գտնվելով՝ նրանց հետ որոշակի կենցաղ ես կիսում։ Սա չի ընդունում պառլամենտից դուրս մնացած ընդդիմությունը, սակայն դժվար է ասել, թե նրանք ինչպես կվարվեին, եթե, ասենք, անցնեին 5-տոկոսանոց շեմը։ Վստահաբար կարելի է ասել, ու դրա համար կան բավարար հիմքեր, որ բոլորն էլ, ովքեր մասնակցել են ընտրություններին, հաստատ վերցնելու էին մանդատները։ Հակառակ պարագայում էլ ինչո՞ւ էին մասնակցում ընտրություններին։ Միակ քաղաքական ուժը, որ իրավունք ունի ընտրական գործընթացների անարդյունավետությունից բողոքելու, որքան էլ որ տարօրիանկ թվա, «Նախախորհրդարանն է»։ Մարդիկ մերժում են ընտրությունում բան փոխելու տարբերակը ու չեն մասնակցում ընտրություններին։ Իսկ մնացածները իրենց այդ հռետորաբանությամբ, ցավոք, անցնում են մարգինալների շարքը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: