Երեկ հայտարարվեց, որ Չինաստանը Հայաստանում դեսպանության նոր շենք կունենա, որը Եվրասիական տարածաշրջանում չինական ամենախոշոր դեսպանություններից մեկն է լինելու։ Ի դեպ, նշեմ, որ աշխարհում ամենամեծ դեսպանությունը ՌԴ դեսպանությունն է Պեկինում, իսկ երկրորդ ամենամեծը՝ չինականը՝ Մոսկվայում։ Խոշոր դեսպանություն ունենալը, իհարկե, կարևոր երևույթ է և նշանակում է, որ Չինաստանը տարածաշրջանում իր ներկայությունը պատկերացնում է Հայաստանի միջոցով։ Ակնհայտ է, որ այդ կամուրջը չէր կարող լինել եվրոպական կողմնորոշմամբ Վրաստանը կամ թուրքական կողմնորոշմամբ Ադրբեջանը։

Ցանկանում եմ անդրադառնալ հայ-չինական հարաբերությունների մի քանի նրբերանգների, որոնց մասին ընդհանրապես չի խոսվում։ Օրինակ՝ բացառիկ այս նախադասությունը, որը մշտապես հնչում է երկու կողմից էլ՝ ընդհուպ նախագահների մակարդակով. «Քաղաքական հարթությունում մեր հարաբերությունները բնորոշվում են որևէ հիմնախնդրի բացակայությամբ, տարածաշրջանային և միջազգային հիմնական խնդիրների վերաբերյալ համընկնող կամ մոտ տեսակետների առկայությամբ»։ Հասկանո՞ւմ ենք արդյոք այս նախադասության ողջ էությունն ու տրամաբանությունը։ 
Արդյո՞ք մենք ճիշտ ենք գնահատել «ՀՀ և ՉԺՀ բարեկամական համագործակցության, հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին» համատեղ հռչակագրի բացառիկ դրույթները։ Եվ վերջապես, արդյո՞ք մենք գիտակցում ենք, թե չինական ինչ զինատեսակներ է Հայաստանը ձեռք բերել և, որ ամենակարևորն է, ինչ կոնկրետ իրադարձություններից հետո։

Երբ այս նրբություններին հստակ գնահատական տանք, կհասկանանք հայ-չինական քաղաքական հարաբերությունների ողջ բացառիկությունն ու դրա կարևորությունը փոքրիկ Հայաստանի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել