ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Արարատի մարզի բնակչուհի Լաուրա Թոխյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:

Նախնական տվյալներով՝ 1963 թ. ծնված Լ. Թոխյանը մահացել է 2017 թվականի ապրիլի 30-ին՝ իր տանը։  Մահվան վկայականի համաձայն՝ կնոջ մահվանը հանգեցրել է  սրտի պսակաձև զարկերակների անբավարարությունը։ Լ. Թոխյանի ախտաբանաանատոմիական դիահերձման ժամանակ պարանոցին հայտնաբերվել է ճմլման ակոսին նմանվող արյունազեղում:

Վնասվածքի առաջացման պատճառը պարզելու համար բացատրություններ են վերցվել մահացած կնոջ ամուսնուց, հարևանուհիներից, կանչով տուժածի տուն մեկնած շտապօգնության բժշկից և այլ անձանցից։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ շտապօգնության բրիգադի կողմից Լ. Թոխյանի մահվան փաստը տանը հաստատելուց հետո, վերջինիս հարևանուհին, սովորույթից ելնելով, Լ. Թոխյանի ծնոտի ստորին հատվածից դեպի գլխի գագաթային հատված ամրակապել է շորի կտորով, որպեսզի վերջինիս բերանը բաց չմնա: Լ.Թոխյանը մնացել է այդ դիրքով ամրակապված 1-2 ժամ՝ մինչև դիահերձարան տեղափոխող ավտոմեքենայի ժամանելը։

Բացի այդ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ կնոջ մահվան էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար։ Ստացված թիվ 0048Դ եզրակացության համաձայն՝ կնոջ մահը վրա է հասել պարանոցի օրգանների սեղմման հետևանքով առաջացած օրգանիզմի ընդհանուր թթվածնաքաղցից շատ կարճ ժամանակ անց զարգացած գլխուղեղի թաղանթների և ուղեղանյութի խիստ արտահայտված այտուցից: 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «սպանություն», որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում:

Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ կնոջ մահվան հանգամանքների օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել