Օրերս մամուլում հայտնված այն ինֆորմացիան, որ Լոռու մարզի երկու գյուղերում դաբաղ հիվանդություն է արձանագրվել, համացանցում դարձավ բուռն քննարկումների առարկա: Գյուղապետն ասում է՝ գյուղի կենդանիների 70%-ը դաբաղով հիվանդ է, ՍԱՊԾ-ն ասում է՝ մասնագիտական եզրակացություն է պետք: Մի կողմ դնենք այն փաստը, որ ՍԱՊԾ շուրթերից «մասնագետ» կամ «մասնագիտական» բառերը ծիծաղելի են հնչում, վերադառնանք բուն խնդրին։ 
1. Հիվանդությունը պաշտոնապես կարելի է հայտարարել ախտորոշված միայն լաբորատոր ախտորոշումից հետո, չնայած որ դաբաղ հիվանդության ախտանիշներն այնքան տիպիկ են, որ մասնագետ անասնաբույժը առաջին հերթին պարտավոր է կասկածել դաբաղ, որից հետո կատարել նմուշառում մարզի տեսուչի ներկայությամբ, կամ տեսուչն անի այդ նմուշառումը և տեսուչի մակագրությամբ տարվի լաբորատորիա։ Ի դեպ, տեսուչը ՍԱՊԾ աշխատակից է, անասնաբուժական 2 լաբորատորիաները նույնպես ՍԱՊԾ կազմում են։ 
2. Եթե ՍԱՊԾ-ն պնդում է, որ լաբորատոր ախտորոշում չի արվել, հարց է առաջանում՝ ինչու՞, ովքե՞ր են մեղավոր, որ մեկ շաբաթ է՝ ոչինչ չի արվել։ 
3. Ենթադրենք, որ իրականում կա դաբաղի բռնկում, այս դեպքում ո՞վ է մեղավոր, այստեղ մի քանի տարբերակ կա։ 
ա) գյուղի անասնաբույժը, ով պարզապես չի կատարել պետպատվերով նախատեսված պատվաստումը, կամ կատարել է պատվաստանյութի հետ աշխատանքի կանոնները խախտելով (ջերմային ռեժիմ, դոզավորում և այլն) 
բ) գյուղացին, ով չի ցանկացել, որ իր կենդանիները պատվաստվեն (մի զարմացեք, նման դեպքերը շատ են, պատճառներն՝ անհեթեթ), եթե անասնաբույժը նույնիսկ չի եկել պատվաստելու, նույնպես գյուղացին է մեղավոր, պարտավոր էր տեղյակ լինել, որ դաբաղի դեմ պատվաստումն անվճար է, և ստիպեր անասնաբույժին, որ վերջինս կատարեր իր աշխատանքը։ 
գ) Գյուղապետը, ով պարտավոր է աջակցել այդ անասնաբույժին, միջոցառումները պատշաճ կատարելու։ 
դ) ՍԱՊԾ մարզային կառույցի տեսուչը, ով պարտավոր է վերահսկել պետպատվերի շրջանակներում իրականացվող բոլոր կանխարգելիչ միջոցառումները և անասնաբույժի կողմից ներկայացվող հաշվետվությունը մակագրեր՝ հավաստելով կատարված աշխատանքի իսկությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել