Pastinfo.am-ը գրում է.

Երևանում օրեր առաջ 34-ամյա կնոջ մահվան գործով վերջինիս 38-ամյա ամուսնուն մեղադրանք է առաջադրվել և, նախնական տվյալներով, արդեն հայտնի է կնոջ մահվան պատճառը:

«Փաստինֆո»-ի թղթակիցը Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ կնոջ ամուսնուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդված 1-ին մասով (անձին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

ՔԿ-ից նաև տեղեկացանք, որ, նախնական տվյալներով, կնոջ մահվան պատճառ է հանդիսացել սուր սրտային անբավարարությունը:

Քննությամբ տվյալներ են ձեռքբերվել, որ ամուսինը պարբերաբար բռնություն է կիրառել կնոջ նկատմամբ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 34-ամյա կինը շուրջ 10-ը տարի ամուսնացած է եղել, այդ տարիների ընթացքում ամուսնու կողմից պարբերաբար ծեծի ու դաժան վերաբերմունքի է արժանացել, իսկ ողբերգական դեպքից օրեր առաջ էլ այլևս չկարողանալով հանդուրժել այդ ստորացումները՝ երեխաների հետ միասին հայրական տուն է վերադարձել:

Կնոջ առողջական վիճակը հայրական տանը նկատելիորեն վատացել է, գլխացավեր է ունեցել, նրա մարմնի վրա հարազատները կապտուկներ են նկատել, սակայն հիվանդանոց դիմելու հարազատների խնդրանքները կինը մերժել է:

Հայրական տանը գտնվելու ժամանակ կինը նույնիսկ ինքնասպանության մի քանի փորձ է կատարել՝ ցանկանալով նետվել պատուհանից, ինչը կարողացել են կանխել նրա հարազատները, ովքեր, ինչպես նաև ընկերուհին, խնամել են նրան վերջին օրերին:

Սակայն օգոստոսի 3-ին շտապօգնությունը, մեկնելով նրանց տուն, հայտնաբերել է կնոջ դին՝ բռնության հետքերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել