ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը հայտարարել է, որ Իրանին չպետք է թույլ տալ լցնել այն վակուումը, որը կառաջանա ԻՊ-ի նկատմամբ հաղթանակից հետո։
Ըստ նրա` ԻՊ-ի նկատմամբ հաղթանակը կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքում իրանական ծայրահեղ գերիշխանությանը։
Քիսինջերը նշել է, որ եթե ԻՊ-ի դիրքերը գրավեն իրանական զորքերը կամ նրանց կողմից հովանավորվող խմբերը, ապա Թեհրանից մինչև Բեյրութ կառաջանա «իրանական ծայրահեղ կայսրություն»։
Քիսինջերի պես փորձառու և Մերձավոր Արևելքը խորությամբ տիրապետող գործչի կողմից այս ուշագրավ հայտարարությունը տեղավորվում է Թրամփի նոր վարչակազմի և նրան Պենտագոնում ու հատուկ ծառայություններում շրջապատող «բազեների» այն դիրքորոշմանը, որ Իրանին պետք է ամեն կերպ զսպել` պատժամիջոցներ, ներքին անջատողականության ֆինանսավորում, իրանաֆոբիայի տարածում ԶԼՄ-ների կողմից, Իրանի շուրջ թշնամական կոալիցիաների ձևավորում` Ծոցի արաբական երկրների կողմից, Իրաքում և Աֆղանստանում` Իրանի սահմանների երկայնքով շիաների դեմ պատերազմի հրահրում ու Իրանի ներքաշում տարբեր proxy war կոչվածներում Սիրիայում, Իրաքում, Եմենում, Աֆղանստանում և այլուր։
ԻՊ-ի դեմ հաղթանակի ու ջախջախման պարագայում Սիրիան վերածվելու է իրանական պլացդարմի` էլ ավելի ուժեղ կախվածությամբ Թեհրանից, քան մինչ քաղաքացիական պետերազմն այդ երկրում: Ասադին փրկել են ՌԴ-ը և Իրանը` ի դեմս շիական ջոկատների, Հզբոլահի և իրանական Ալ-Կոդս և այլ հատուկ ստորաբաժանումների։ Իսրայելը, որն Թրամփի վարչակազմի վրա ունի մեծ ազդեցություն զգուշանում է, որ իր սահմանների երկայնքով կձևավորվի իրանանական ազդեցության գոտի` Լիբանանի հարավում Հզբոլահը, Հոլանի բարձրունքների երկայքնով շիական խմբավորումները, իսկ ՀԱՄԱՍ-ի վրա Իրանն էլ այս պահին սկսել է մեծացնել իր ազդեցությունն ու ֆինանսավորում է պաղեստինյան ծայրահեղական թևին։
Քիսինջերը Թրամփին խորհուրդ է տալիս թույլ չտալ այսպես կոչված շիական առանցքի վերականգնում և ուժեղացում, որը ձգվելու է Իրանից, Իրաքով, Սիրիայով դեպի Լիբանան, իսկ հարավային ուղղությամբ` Բահրեյնով, Սաուդյան Արաբիայի արևելյան` շիաբնակ շրջաններով դեպի Եմենի հոուսիտներ։ Չմոռանանք նաև Իրանի ազդեցության մասին Աֆղանստանում, որտեղ գտնվում են ամերիկյան զորքերն` ի շնորհիվ տեղի խազարեական, շիա համայնքի ու Թալիբանի հետ որոշակի շփումների ու աշխատանքների։
Փաստորեն, ԻՊ-ի դեմ հաղթանակը կարող է նշանակել շիական ուժերի հաղթանակ Իրաքում, Սիրիայում, Լիբանանում: Լևանտն ու Միջին Արևելքը վերածվում են Իրանի ազդեցության գոտու, ինչը չեն կարող թույլ տալ սուննիական աշխարհն` ի դեմս Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, իսկ մյուս կողմից` ԱՄՆ-ի ու Իսրայելի, որպես այս պահին հակաիրանական տանդեմի։ ԱՄՆ-ը ԻՊ-ի «փոխարեն» Իրանի դեմ կարող է օգտագործել քրդերին` սիրիական, իրաքյան, իրանյան, իսկ հարավային թևում` Ծոցի «արաբական ՆԱՏՕ»-ին կամ արաբական միապետություններին։ ԻՊ-ին կարող են փոխարինել նաև սուննիական տարբեր ուժեր թե Իրաքում, թե Լիբանանում, Սիրիայում, որպես տեղի շիական, իրանական ազդեցությանը հակակշիռ գործոն` դրանք վայելելու են թե ԱՄՆ-ի, թե Իսրայելի լայն աջակցությունն` ի դեմս նրանց հատուկ ծառայությունների և ֆինանսական միջոցների։
Իրանին սպասում է թեժ պայքար Մերձավոր Արևելքի տարբեր թատերաբեմերում, ինչն էլ ստիպելու է Իրանի ղեկավարությանը, բանակին ու հատուկ ծառայություններին ուժեղացնել «շիական աշխարհին» տրամադրվող ռազմա-քաղաքական, ֆինանսական և տեղեկատվական աջակցության քանակն ու որակը։