Ինչքան ասեցի՝ ձեն չհանեմ, չստացվեց, որովհետև արդեն անհնար ա էս վիճակը հանդուրժել... Արդեն երկու ամսից ավելի ա՝ մենք, մեր տներում նստած, չենք կարողանում շնչել, բառիս բուն իմաստով՝ խեղդվում ենք: Էն օրվանից, ինչ Երևանի վարչական շրջաններում աղբահանության գործը վստահվեց «Սանիթեք» ընկերությանը, մենք դադարեցինք նորմալ շնչել, իմանալ՝ ինչ ա մաքուր օդը: Լավ, էդ անտեր «նոր ու ժամանակակից» աղբամանները փողոցներում, այգիների հարակից տարածքներում տեղադրում եք, հասկացանք, բայց բազմաբնակարան շենքերի բակերո՞ւմ ինչի եք տեղադրում: Օրերով ու շաբաթներով էդ աղբը մնում ա աղբատար խողովակների մեջ, հավաքվում, բարձրանում ա մինչև 9-րդ հարկ, առնետները դրա վրայով բարձրանում են մինչև շենքի տանիք, մտնում մարդկանց տները: Էլ չեմ ասում, որ էս ամառվա շոգին էդ աղբը նեխում ա, գարշահոտը լցվում ա ամբողջ թաղամասում ու մեր տները: Մեկ էլ հանկարծ «Սանիթեքի» մեքենան գալիս ա, էդ փոքր աղբամանի չափով աղբը լցնում են ու տանում, իսկ աղբատարները նորից մնում են փակ: Որ ասում ես՝ էս խողովակներն էլ մաքրեք, ասում են՝ էդ մեր իրավասության մեջ չի մտնում:
Լավ, էդ դեռ մի կողմ: Մի ուրիշ սարսափելի խնդիր ա նաև էն, որ էդ «ժամանակակից» աղբամանների տակից ամբողջ աղբի ջուրը լցվում ա գետնին (դե ամառ ա, մարդիկ անընդհատ ձմերուկի ու սեխի կեղևներն են թափում մեջը, լրիվ ջուր ու շիրայա դառնում): Արևի տակ էդ հոտն ավելի ա ուժեղանում ու կրկնապատկում ա աղբատարների գարշելի հոտը: Աղբամանը դատարկելուց հետո էլ մնացած ջուրն ա թափվում գետնին, ու խեղճ բնակիչներ, եկեք ու դիմացեք էս զզվելի իրավիճակին:
Էս լուսանկարը մի 5 րոպե առաջ եմ արել, սրանք Ավան վարչական շրջանի շենքերն են: «Սանիթեք»-ի աղբամանը վերևում երևում ա, պարզ տեսնում եք նաև, որ ամբողջ գետինը աղբի չորացած ու դեռ թարմ ջրի հետքերն են՝ արդեն նեխած ու բավական «հոտավետ»: Մեր աղբամանների ջուրն ու հոտը մեզ քիչ էին, հիմա էլ էն վերևի շենքի մոտից ա ջուրն իջնում մեր մոտ: Պատուհանները լրիվ փակել ենք, որ չմեռնենք, բայց դե շոգից մեռանք արդեն:
Ու էս վիճակը մինչև ե՞րբ ա շարունակվելու: Երևանի քաղաքապետարան ու Սանիթեք Արմենիա, ձմեռը ձյունն ու սառույցը չեք մաքրում, հիմա էլ աղբահանությունը պատշաճ կերպով չեք իրականացնո՞ւմ: Հերիք չի՞ պատասխանատվությունը մեկդ մյուսի վրա գցեք, ի վերջո, որևէ մեկդ կստանձնի՞ էս խնդրի լուծման պատասխանատվությունը: Հազար անգամ ավելի գերադասելի ա, որ բնակելի շենքերի պարագայում աղբահանությունն իրականացվի նախկին եղանակով, երբ աղբատար մեքենան հաճախակի գալիս էր, խողովակները նորմալ մաքրում, աղբը լրիվ լցնում մեքենան ու գնում: Մենք էլ մարդավարի ապրում էինք՝ առանց դուռ-պատուհան փակելու կամ էլ մեր սեփական տներում դիմակներով ման գալու:
Կա՛մ խնդիրն ինքներդ լուծեք, կա՛մ մենք կորոշենք՝ ոնց լուծենք էդ աղբամանների հարցը...




