Երևանի «ԵԼՔ» խմբակցության ավագանի Ալեն Սիմոնյանը վերջին ժամանակներս Ֆեյսբուքում ու սոցիալական կայքերում բավականին մեծ ակտիվություն է ցուցաբերում՝ ի հեճուկս անբարենպաստ եղանակի։ Բոլորը կամ գոնե մեծ մասը հանգստանում են, Ալենը շտապում է Հայաստանում ընդդիմադիր ու իշխանամետ մարդկանց տարանջատումը՝ իրեն, անշուշտ, դասելով ծայրագույն ընդդիմադիրի շարքում։ Քավ լիցի, թե նախկինում ով է եղել Ալեն Սիմոնյանը, ասենք՝ ԲՀԿ ակտիվիստ, Խաչատուր Սուքիասյանի աջ ձեռք, նախկին լևոնական, իսկ հետո՝ նիկոլական, միգուցե րաֆֆիական, մի խոսքով՝ արդեն շփոթվեցի։ Հարցը դա չէ, բավականին երիտասարդ տարիքում, անշուշտ, կարելի է տարբեր մոլորությունների մեջ հայտնվել, չհասկանալ, մեղանչել, հետո արդեն հասկանալ ու գնալ հստակ ճանապարհով։ Կյանք է, ամեն ինչ էլ պատահում է, սակայն հարցն այն է, որ տարիներ են անցնում ու դու, ստանձնելով որոշակի պարտավորություններ, պետք է մի քիչ էլ հետևողական լինես քո հանրային ստատուսի ու դերի մասին։ Չես կարող այլևս քեզ թույլ տալ «քոմենթչի», ակծիվիստ» ու նման տերմինաբանություն ոչ թե նրա համար, որ չափազանց լրջացել ես, այլ նրա, որ ունես դեր ու պատասխանատվություն, որ միտված է ծառայել բացառապես հանրային շահին, ընդ որում՝ այն պարագայում, երբ այսպիսի խոսակցության նախահարձակ լինողը դու չես, քեզ չեն վիրավորել, որ մի հատ էլ պատասխան տալու փոխարեն նմանօրինակ գրառումներ անես, մարդ վիրավորես և այլն։ Անշուշտ, եղել է թեման. խոսքն, իհարկե, Ռոսսիա մոլի տարածքում ծառերի ճյուղերի կտրման հարցով բարձրացված աղմուկն էր՝ Ալենի դաշինքակից Մանե Թանդիլյանի բարձրացրած «թեթև աղմուկի» տեսքով։ Սա էլ, իմիջիայլոց, առաձին թեմա է առ այն, որ ԵԼՔ-ում իրարից առհասարակ խաբար չեն։ Մանեն հարց բարձրացրեց, Ռոսսիա մոլը զգուշացվեց, Ալենը խառնվեց իրար՝ հասկանալի պատճառներով, արդյունքում, ինչպես ժողովուրդն է սիրում ասել, «Սերժը տեսավ և, անկասկած, ուրախացավ, ու լավ արեց․ բա էլ ով լիներ, չուրախանար»։ Եվ եթե Ալեն Սիմոնյանը սա չի հասկանում, ապա պետք է հասկանան նրա գործատուները ու ի վերջո գան այն եզրահանգման, որ Ալեն Սիմոնյանը ոչ թե պետք է ավագանու ու, առհասարակ, քաղաքական գործչի կերպարում լինի, այլ ինչ-որ զգացմունքային կնոջ, օրինակ, Դիանա Գրիգորյանի սերիալներից մեկում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: