Զարմանալի մարդիկ են ժամանակակից հայաստանցիները, նամանավանդ ֆեյսբուքյան աժիոտաժին քիչ թե շատ ակտիվ մասնակցողները։ Զարմանալի են շատ բաների համար, բայց ամենից շատ՝ եզակի անհետևողականության ու ամբոխային ինստինկտներին հակվածության համար։

Վերցնենք նախորդ մի քանի շաբաթվա առավել ակնառու ու հանրային հնչեղություն ստացած երկու իրադարձություններ։ Բարեբախտաբար, այս ամառ այդ իրադարձությունները կապված չէին ահաբեկչության ու զոհերի հետ, այլ․․․ ծառերի։

Տեսե՛ք, ուրեմն՝ օրեր առաջ Իջևանի կողմերը գյուղացիք ճանապարհ են փակում, որովհետև, видите ли, իրենց էլ թույլ չեն տալիս ապօրինի անտառահատումներ անել։ Ինչ լավ ա, չէ՞, ասենք, նույն հաջողությամբ բառիգներն ու կավատներն էլ պետք է սկսեն Երևանում փողոց փակել, որովհետև իրենց էլ են մեկ-մեկ նեղում, ու նույն պատճառով, ինչ ապօրինի անտառահատումների համար պայքարողներին. օրենք են խախտում։

Ու փոխանակ հայ հանրությունը, մեղմ ասած, տարակուսի նման եզակի հոռիության վրա, մի բան էլ ճամբար է առաջանում, որը պայքարում է «խեղճ» անտառագողերի իրավունքների համար, իսկ այդ ողջ պատմության մեջ հասարակությունն առավել շատ սևեռվում է նրա վրա, որ դատախազը հայհոյել էր առանձնակի ակտիվ մի պայքարիստ-բրակոնյերի։

Հիմա լավ, ենթադրենք՝ ճաշակի հարց է, ու ենթադրենք՝ մարդիկ թքած ունեն էկոհամակարգի վրա ու խնդիր չեն տեսնում անտառահատումների մեջ։ Դա դեռ մի կերպ կարելի է մարսել։ Դա անելն անհնար է դառնում, երբ տեսնում ես, որ նույն կոնտինգենտն ու հաճախ նույն դեմքերը, որոնք, ջանք ու եռանդ չխնայելով, դոշերի մազերն էին փիտում ապօրինի կերպով ծառ հատողների շահերը պաշտպանելիս, բառացիորեն մի քանի օր անց նույն անձնուրաց ֆանատիզմով պահանջում են խաչել ու գլխատել Ռոսսիա մոլի դիմաց մի քանի ծառ կտրողներին։ Ընդ որում, ոնց հասկացա, Ռոսսիա մոլի մոտ ոչ թե ամբողջական հատում էր եղել, այլ խոշոր ճյուղեր էին կտրել։ Համենայն դեպս, ոստիկանությունը նման արարքի համար էր զգուշացրել։ Էլ չասեմ, որ սրանից մի երկու ամիս առաջ էլ Դավիթաշենում իր իսկ տնկած ծառերը ջիհադիզմի բոլոր կանոններով էտած քաղաքացուն բերդ նստեցրին՝ հագուրդ տալով հանրային արձագանքին։

Կարիք կա՞ ավելի մանրամասն նկարագրելու այն վայրի կոնտրաստը, որին ականատես ենք լինում այս երկու համանման քեյսերում․․․

Ֆեյսբուքն, իհարկե, լավ բան է, բայց պետք է դրանից ճիշտ օգտվել էլ իմանալ ու գոնե տարին 1-2 անգամ տրվել ամբոխային մղումներին։ Մի քիչ էլ սեփական եսն ու գնահատականն ունենալն էր չէր խանգարի։

Հ․Գ․ Իմ դիրքորոշումն էլ այս դեպքերի շուրջ հետևյալն է․ ծառը երկրորդական է, իսկ առաջնայինը օրենքն է։ Եթե ծառահատումն արվում է օրենքի շրջանակներում, ես խնդիր չունեմ (եթե ողջամտությունից դուրս գտնվող օրինակի մասին չենք խոսում), իսկ եթե հատվում է ապօրինի, ապա պետք է հատողը պատժվի ու պատժվի ոչ թե դենդրոֆիլիական զեղումներից ելնելով, այլ որովհետև օրենք է խախտել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել