Փողոց փակելու մասին վերջին ժամանակներս Հայաստանում շատ է խոսվել։ Երևի թե կարիք չկա բացատրելու, թե ինչպիսի փողոցային պայքարի կուլտուրա է ձևավորվել Հայաստանում, որովհետև կար մի ժամանակ, երբ ամեն տեղից վեր կացող մարդկային խումբ, եթե ուզենար, փողոց կփակեր։ Ուրեմն՝ տեսեք՝ որտեղից սկսվեց ամեն ինչ։ Իրականում Հայաստանում քաղաքացիական շարժումն սկսեց սկիզբ առնել 2008 թվականից հետո։ Այն ժամանակվա տիտղոսային ընդդիմություն ՀԱԿ-ը մշակեց, ապա իրականացրեց այդ պայքարը՝ երթեր, պիկետներ, ցույցեր, քայլերթեր և այլն։ Որոշ ժամանակ հետո (թվով չորս տարի), երբ Կոնգրեսն այլևս սպառել էր իր ռեսուրսը, այդ պայքարի ձևաչափերից սկսեցին օգտվել թե՛ Կոնգրեսից անջատված ու թե՛ նոր ձևավորվող ուժեր։ Փողոցային պայքարը ոչ մեկի մենաշնորհը չէ, յուրաքանչյուրն էլ, որպես բողոքի նշան, կարող է փողոց փակել։ Ես էլ կարող եմ հիմա փողոց փակել ու բողոքել այս սարսափելի շոգից։ Եվ ուրեմն՝ խնդիրը հետևյալն է. արդյոք կա՞ երաշխիք կամ գոնե գեթ մեկ տոկոս հավանականություն, որ փողոց ու գլխավոր ճանախարհներ փակելով դու կարող ես հասնել քո ուզածին։ Կամ արդյո՞ք մինչ դա դու արել ես հնարավոր բոլոր քայլերը, դիմել դատական բոլոր ատյաններին, որպեսզի հարցին լուծում տրվի, ու հետո նոր միայն գնացել վերջին հույսի լուծման։
Երկու օր առաջ Հաղարծին գյուղի բնակիչները փակել էին Տավուշի մարզի միջպետական ճանապարհը և պահանջում էին գլխավոր դատախազից թույլ տալ ծառահատման գործընթաց սկսել անտառում, որտեղ որ արգելված էր դրանով զբաղվել։ Ի նշան բողոքի՝ նրանք սպառնում էին զօրուգիշեր ճանապարհները փակել։ Հայաստանում, առհասարակ, դիլեմատիկ երևույթները շատ են։ Օրենքով ծառ կտրելը արգելում ես, բողոքում են, չես արգելում, բողոքում են անպատժելիությունից։ Վարչապետը սաստում է Արմավիրի քաղաքապետին, ասում են՝ շուո է, չի սաստում, ասում են՝ դռայվը կորավ։ «Սասնա ծռերին» դատում են ամենամեղմ հոդվածներով, սակայն վերջիններիս կողմնակիցներին դա ոչ միայն չի բավարարում, այլև ամեն ինչ անում են նիստերը վիժեցնելու համար։ Այսինքն՝ մեր երկրում ապրիորի բողոքելը դարձել է հաց ուտելու պես մի բան, ով պարապ է, պետք է բողոքի։ Սա, իհարկե, պետության վարած կիսատ քաղաքականության արդյուքն է, որովհետև բռնության, ուժով ու զոռբայությամբ հարց լուծելու մենաշնորհը նրանն է, ու ցավոք սրտի, դա տեղի չի ունենում, ինչ էլ լինում է, լինում է կիսատ ու պռատ։ Դրա համար էլ, եթե ինձ տեսնեք, օրինակ, Մաշտոցի պողոտայում նստած շոգերի դեմ բողոքելիս, խնդրում եմ՝ չզարմանաք, քանի որ, ցավոք, շոգի դեմ պայքարի այլ միջոց ես չեմ գտնում այս պահին։