Երբեք մի զարմացեք այն մարդկանցից, ովքեր մարդու իրավունքներ պաշտպանելու քողի տակ մեծ վնասներ են հասցնում սեփական հասարակությանը: Այդպիսիները այսօր, ցավոք, շատ են, և ամեն տարի նրանք կատարելագործվում են ու մեր պետությանը ավելի մեծ վնասներ հասցնում: 
Սկզբում նրանց լսելով եզրակացնում ես, որ մոտավորապես հրեշտակներն այսպիսին են լինում, բայց հետո հասկանում ես, որ «տակը» գնում է, և մնում է հրեշը, ով, զավթելով որոշ մեդիա հարթակներ, այնտեղից ավել-պակաս խոսում է կամ, ինչպես իրենք են ասում, իմ իրավունք-քո իրավունք են խաղում: 
Այս երևույթը մեկ բևեռ ունի. մարդը կորցնում է հավաքականությունը և սկսում է գործել անհատապես: Այս իրավապաշտպաներին շատ են խանգարում բոլոր այն կառույցները, որտեղ հավաքականութունն ուժ ունի, և նրանք միշտ հակառակ են խոսում այդ կառույցների մասին, ահազանգերով, վրդովված, բորբոքված տագնապով, կարճ ասած՝ եթե իրենց լսենք, հիմա բոլորս հայ անունը շուրթերներիցս պետք է հեռացնենք: 
Երկար չծավալվելով անդրադառնամ վերջին օրերին համացանցում տեղ գտած մի հոդվածի «Առաջընթա՞ց, թե՞ նահանջ դեպի կղերականություն» վերնագրի ներքո իր խորը նեղվածություն էր հայտնել ոմն Ավետիք Իշխանյանը, ով շատ սիրված և փայփայված է «Հասարակությունների բաց հիմնադրամի կողմից»՝ ամերիկյան մի կառույց, որը չի զլանում և այսպիսի շոումեններին ահռելի գումարներ է տալիս, բնականաբար, մարդկանց իրավունքները պաշտպանելու համար: 
Այս միամիտն էլ մի ահռելի «գրանտ» է շահում՝ մոտ 100 հազար դոլար, ու սկսում «արջի յոթ երգի» պատմությունը: Այս անձն այնքան է տարվել շահած գումարով, որ մի պահ մոռացել է, որ, ենթադրենք, այս պետության պահապանը հայոց բանակն է, այս երկրի և ամբողջ սփյուռքի միավորող ամենամեծ օղակը եկեղեցին է: «Դե, մոռացկոտ է, ինչ անես»,- կասեք դուք, բայց չէ, նա չի կարողանում մտքից հանել Հովհանես Թումանյանի այն մտքերը, որոնք մի փոքր քննադատական են և դեմ եկեղեցուն և տեղադրել իր հոդվածի առանձին մասերում, նա չի մոռանում նշել, որ եկեղեցին վատն է (դե, ինքը եկեղեցի չի գնում, ինչ իմանա՝ որն է լավը, որը`ոչ):
Ես պարզապես կամենում եմ պարոնի հիշողությունը թարմացնել: Մի՛ մոռացեք, որ հայոց տառերը, որով փնովում եք Հայ եկեղեցուն, գրվել են Հայ առաքելական եկեղեցու շնորհիվ, մի՛ մոռացեք, որ այս պետությունն իր անկախություն ձեռք բերելու և դարեր ի վեր իր գոյությունը պաշտպանելու հարցում մեծապես պարտական է Հայ եկեղեցուն, ամեն պատերազմի ժամանակ, երբ դուք և ձեր նմանները փախչում եք ձեր հովանավորների մոտ, Հայ եկեղեցին է մեջք, սատար և միահամուռության կոչ անում: 
Ձեզ գումար են տալիս, որ մարդկանց իրավունքները պահեք, իսկ դուք մարդ ասելով միայն հասկանում եք աղանդավորներին և երկնագույններին, իսկ ո՞ւր եք դուք, երբ անտուններին են ծեծում, երբ մուրացկանները սովից են լացում, ո՞ւր եք դուք, երբ թմրանյութեր են հրամցնում անչափահասներին, երբ հեռուստաընկերություններով խեղաթյուրում են մեր զավակներին, ինչո՞ւ այդ ժամանակ այնքան չեք նեղվում ու չեք խոսում, թե՞ դրա համար ԱՄՆ-ն գումար չի տալիս: Սթափվե՛ք և սիրեք մեր եկեղեցին, դրանից մենք երբեք չենք տուժի, համենայն դեպս, դարեր շարունակ չենք տուժել, իսկ ձերպեսների պատճառով մշտապես կանգնել ենք հայրենիք կորցնելու վտանգի առջև:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել