Որոշ վայ քաղաքագետներ նույնիսկ Ապրիլյան պատերազմից, աշխարհաքաղաքական այս իրավիճակից ոչ մի դաս չեն քաղում ու իրենց մտքի գոհարները շարունակում են ի ցույց դնել՝ ակամայից մատնելով իրենց դատարկ գլխի պարունակությունը։ Դիցուք՝ պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը մի քանի օր առաջ իր տված հարցազրույցում ասել էր, որ անհրաժեշտության պարագայում պաշտպանության բանակի զինված ուժերը կարող են ոչ միայն կանխարգելիչ հարվածներ հասցնել հակառակորդին, այլև պաշտպանական գոտին ընդլայնել մինչև 10-ից 15 կիլոմետր, այսինքն՝ խորանալ Ադրբեջանի պաշտպանական դիրքերի մեջ։ Հիմա սա հայտարարություն է, որ շատ հաճախ կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ հակառակորդը դրսևորում է ագրեսիվ պահվածք, ու համապատասխան գործողությունների իրականացումից հետո ԼՂՀ ՊԲ-ն հանդես է գալիս զսպիչ հայտարարություններով։
Հիմա ի՞նչ է, ամեն անգամ այդպիսի հայտարարությունից հետո պետք է այստեղ նորից արթնանա Բաքուն արյան ծով սարքել ցանկացողների թվաքանակն ու մինչև կուր-արաքսյան խառնարան հասնելու ցանկությո՞ւնը։ Սա անմիտ որոշում է, չափազանց անմիտ որոշում, ու այն, ինչ տեղի է ունենում դրանից հետո լրատվական դաշտում, նույնպես որևէ կերպ չի տեղավորվում տրամաբանության մեջ։ Սկսվում է այս տեսակետեի բուռն քննարկում, թե հասեք, Բաքուն գրավեք, մեր միակ տարբերակը՝ պաշտպանված լինելու, հարձակումն է։
Նախ՝ փաստենք, որ ՊԲ-ն գիտի ինչպես և երբ չեզոքացնել Արցախի գլխին սպառնացող վտանգը։ Եվ երկրորդ, եթե անհրաժեշտություն լինի, համապատասխան խողովակներով այս թեզը կհասցվի և հանրությանը։ Այս թեմային անդրադառնում ենք, որովհետև «քաղաքագիտական մտքի այսպիսի գոհարներն» ունակ են ազդելու հանրային տրամադրության վրա։ Ճիշտ է, 0.001 տոկոս, բայց ամեն դեպքում դա հնարավոր է։