Հայաստանում այս օրերին տեղի է ունենում այն, ինչ, առհասարակ, կարելի է անվանել վենդետա։ Մարդասպանությունների այն շարքը, որ սկսվել է այս ամառվա սկզբին, կարծես թե վերջ չունի ու մեդիա դաշտի համար էլ սովորական բան է դարձել։ Երեկ չէ առաջին օրը Սևանում հանգստյան գոտու տիրոջը սպանել են այն բանի համար, որ հարբած հաճախորդներից նավով զբոսնելու գումարն է պահանջել, իսկ վերջինիս որդին, իմանալով, որ հորը սպանել են, որսորդական հրացանով արդեն հակառակ ուղղությամբ է կրակ բացել՝ սպանելով հորը գնդակահարողին։
Այժմ էլ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում տեղի է ունեցել դաժան սպանություն, ու մահացել է երեք քաղաքացի։ Այժմ նրանց ինքնությունը պարզվում է, միայն հայնտի է, որ սգո սրահում տեղի ունեցած միջոցառման ժամանակ անհայտ անձը ներխուժել է ներս ու կրակոցներ արձակել, որի արդյունքում երեք մարդ է զոհվել։ Թե ինչի է բերելու նման տենդենցը, դժվար է ասել։ Փաստացի, այսօր հանրությունը գտնվում է ակնհայտ դեպրեսիայի մեջ, ու իհարկե, կարող ենք ասել՝ դե, հիմա դժբախտություն է, ամեն մեկի հետ էլ կարող է պատահել, սակայն հարցն այն է, որ սա դառնում է սովորական երևույթ, ու բոլոր վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում արտագաղթի, ինքնասպանությունների, սուիցիդների թիվը գնալով ավելանում է։ Եվ սա այն դեպքում, երբ որոշ չափով առայժմ կրիմինալը վերահսկելի է, սոցիալական բունտի նախադրյալներ այս պահին չկան, սակայն տենդենցը խոսում է հենց դրա մասին։ Իսկ ինչ կլինի, երբ ամենատարրական միջանձնային կոնֆլիկտը մարդիկ որոշեն հարթել զենքի միջոցով։ Այդ դեպքում անխուսափելի կլինի քաոսը։