Օրերս մեկնել էի իմ հայրենի Օձուն: Բոլորիս է հայտնի, որ Վանաձոր-Ալավերդի միջպետական մայրուղին արդեն տևական ժամանակ է՝ փակ է, այդ իսկ պատճառով մարզի այդ հատվածը հասնելու համար օգտվում ենք Ստեփանավան-Ագարակ-Օձուն Մ-6 ճանապարհից, որը վերանորոգվել էր մոտ մեկ տարի առաջ: Ահա հենց այս ճանապարհի մասին էլ ցանկանում եմ մի քանի նկատառում անել: Նշածս ճանապարհի վերանորոգման աշխատանքերի իրականացման համար ՀԲ ծրագրով հատկացվել էր 3,5 միլիարդ դրամ: Ճանապարհի վերանորոգման գումարի 20 տոկոսը վճարվելու է պետբյուջեից:
Ճանպարհի վերանորոգումը կարևոր նշանակություն պետք է ունենար ճանապարհամերձ Ագարակ, Յաղդան, Կողես, Օձուն, Այգեհատ, Մղարթ, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Արևածագ, Արդվի գյուղերի զարգացման համար: Վերանորոգված ճանապարհի ընդհանուր երկարությունը 28,2կմ է:
Տարածաշրջանի բնակիչների ուրախությունը, սակայն, շատ կարճ տևեց, ամիսներ անց ճանապարհի հիմնանորգված հատվածի մի որոշ մաս ուղղակի քարուքանդ եղավ, այդ հատվածներում ասֆալտբետոնե հատվածից այլևս ոչինչ չի մնացել: Ասֆալտի շերտը փռվել էր շատ բարակ և երթևեկության ծանրաբեռվածության պատճառով շատ արագ փոշիացավ:
Ճանապարհի երկայնքով այս օրերին կրկին նորոգման աշխատանքներ են կատարվում, ժողովրդի լեզվով ասած՝ «կարկատում» են: Տպավորություն է, թե տարիներ շարունակ այստեղ նորոգման որևէ աշխատանք չի իրականացվել, այնինչ ճանապարհի նորոգումը ավարտվել է անցած տարի:
Հետաքրիր է` ի՞նչ միջոցներով և ո՞ր կազմակերպությունն է իրականացրել Յաղդան-Օձուն ճանապարհի վերանորգումը, և հիմա ո՞վ և ի՞նչ միջոցներով են իրականացվում այդ նույն աշխատանքները: ՀՀ բյուջեն այդքան հնարավորություններ չունի, որ ճանապարհի նույն հատվածը ամեն տարի նորոգի:
Միանշանակ է, բոլոր տեղացիներիս մոտ առաջին հերթին հարց է առաջանում, թե ով պետք է պատասխանատվության ենթարկվի անորակ շինարարության, առանց այն էլ սուղ միջոցները վատնելու կամ ուղղակի պետական թալանով զբաղվելու համար: