Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար գեներալ-մայոր Ղասեմ Սուլեյմանին ճանաչվել է Իրանում տարվա «ամենասիրված մարդը»։

Մերիլենդի համալսարանի կողմից կազմակերպված հարցմանը մասնակցած քաղաքացիների 61%-ը քվեարկել է գեներալ-մայոր Ղ․Սուլեյմանիի օգտին։ Ղ․ Սուլեյմանիին հաջորդում են համապատասխանաբար՝ ԻԻՀ ԱԳ նախարար Մ․-Ջ․ Զարիֆը և վերընտրված նախագահ Հ․ Ռուհանին։

Հետաքրքիրն այն է, որ մինչ ԻԻՀ Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից Մ․Ահմադինեժադին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելը նա էր 71%-ով համարվում այս հարցման առաջատարը, սակայն ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկվելուց հետո նրա ցուցանիշը աննախադեպ անկում է գրանցել՝ հասնելով 23 %-ի։

Այս հարցումների պատասխաններից կարելի է եզրակացնել և առանձնացնել մի քանի կարևոր հանգամանք՝

Նախ այն, որ փաստորեն իրանական հասարակությունը հետաքրքրված է ոչ միայն սեփական սոցիալ-տնտեսական վիճակով, ինչպես այդ մասին մեզ մատուցում են տարատեսակ աղբյուրները, այլև այնպիսի գաղափարներով ինչպիսք են Իսլամական Հեղափոխության պահպանումը, արտահանումը և Իրանի ազդեցության տարածում երկրի սահմաններից դուրս, քանի որ ԻՀՊԿ-ն և մասնավորապես «Ղոդս» ստորաբաժանումը, որի հրամանատարն է Ղ․ Սուլեյմանին, կոչված են հենց այդ գաղափարներին ծառայելու համար։

Հաջորդ՝ նշվում է, որ Ղ․ Սուլեյմանիի վարկանիշի բարձրացմանը, այսպես ասած, անուղղակիորեն նպաստել է թեհրանյան վեջին ահաբեկչությունը։ Այսինքն՝ իրանական հասարակությունը բավականին զգայուն է ահաբեկչությունների նկատմամբ, իսկ Ղ․ Սուլեյմանին տարածաշրջանում և ոչ միայն, ասոցացվում է ահաբեկչության դեմ պայքարի հետ, ինչն Իրանում բարձր են գնահատում։

Երրորդ՝ Մ․Ահմադինեժադի վարկանիշի անկումը խոսում է իրանցիների մեջ հոգևոր առաջնորդ Ա․ Խամենեի խոսքի ահռելի ազդեցության և կշռի մասին, որովհետև գաղտնիք չէ, որ հոգևոր առաջնորդի խոսքերը և վերջինիս հետ ունեցած տարաձայնությունները հիմք հանդիսացան Մ․Ահմադինեժադին զրկելու ընտրություններին մասնակցելու իրավունքից։ 

#ՄերհարևանԻրանը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել