Ցանկացած հանցագործ ունի իր արդարացումը։ Մեկը գողությամբ երեխա է պահում, մյուսը՝ իր ինքնասիրությունը վիրավորողին է սպանել, մեկ ուրիշը համոզված է, որ այս իշխանությունների օրոք գնահատված չի և սպանում է իր հետ անհամաձայն մարդկանց, մյուսը մեքենայով շտապում էր հիվանդ հոր մոտ, սակայն վրաերթով կյանք խլեց, մի ուրիշը օլիգարխի խանութն է կողոպտել, զենքով սպառնալով վաճառողին...
Հավատացեք, բոլոր հանցագործներն էլ ունեն սրտաճմլիկ (երբեմն ճշմարիտ) պատմություններ։
Իրավաբանականի առաջին կուրսում սովորեցնում են իրավական պետության այբուբենը։ Մարդուն իրավաբանը պետք է գնահատի բացառապես արարքով, այլապես ցանկացած հանցագործ իրեն կարող է համեմատել Սողոմոն Թեհլերյանի հետ, փողի համար ընկերոջը սպանածին կհերոսացնեն, որովհետև մարդասպանի սիրուհին ցանկանում է ամեն գնով իր սիրեկանին բանտից հանել, մեկ շնչին բաժին ընկնող «հերոսի» քանակով մեր երկիրը աշխարհում արդեն անվիճելի առաջատար է, իսկ արդարադատությունը բռնաբարվում է անբարեխիղճ պաշտոնյաների հուզիչ «սլիվերի» արանքում։
Մեր երկրում, ֆեյսբուքյան «դատավորներն» իրենք են որոշում հանցագործ է թե հերոս։ Ընդ որում արարքը երբեք չի քննարկվում։ «Այո սպանել է, բայց եկեք քննարկենք պատճառները...» այս դիսկուրսը մեխ է իրավական պետության դագաղին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել