Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջով մայիսի 26-ին քաղաքացիներին կոչ էր արվել միանալ #ՄաքուրԵրևան նախաձեռնությանը՝ խնդրելով Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերով քաղաքապետարանի համապատասխան կառույցներին փոխանցել այն հասցեները, որտեղ անհրաժեշտ են իրականացնել սանմաքրման աշխատանքներ:
Ըստ այդմ, մայիսի 26-ից մինչ օրս ստացվել են շուրջ 80 հասցեներում մաքրման անհրաժեշտության մասին նամակներ, որոնք փոխանցվել էին «Սանիթեք» ընկերությանն ու քաղաքապետարանի աղբահանության օպերատիվ շտաբին, ինչին հաջորդել էին նաև սանմաքրման միջոցառումները: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երևանի քաղաքապետարանը, շնորհակալություն հայտնելով բոլոր մտահոգ համաքաղաքացիներին, հորդորում է շարունակել խնդրահարույց հասցեների վերաբերյալ մեր ֆեյսբուքյան էջովտեղեկությունների տրամադրումը:
Հիշեցնենք նաև, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են ներքին՝ տեղայիկ շաբաթօրյակները, որոնք, ավանդույթի համաձայն, արդեն 4 տարի շարունակ իրականացվում են յուրաքանչյուր գարնան ու աշնան` «Մաքուր Երևան» նախաձեռնությամբ:
Նշենք նաև, որ հուլիսի 29-ին Երևանի քաղաքապետարանը կազմակերպում է համաքաղաքային շաբաթօրյակ: