Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ հիմք ընդունելով ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի միջև 2016 թվականի հունիսի 7-ին ստորագրված համագործակցության հուշագրի 2.1 և 2.3 կետերի դրույթները, դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, խնդրելով դիմել ՀՀ դատարանների նախագահների խորհրդին՝ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված «նիստերի դահլիճից հեռացնել»դատական սանկցիայի կիրառման համար նախատեսված ժամանակի (ժամի) հաշվարկման կարգը պարզաբանելու նպատակով:
Փաստաբանների պալատի աշխատակազմի հաղորդմամբ, որպես գրության հիմնավորում փաստաբանների պալատի նախագահը նշել է, որ գործնականում ծագում է խնդիր, երբ դատարանը ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամը մեկնաբանում է ոչ թե աստղաբաշխական կամ աշխատանքային ժամ իմաստով, այլ՝ դատական աշխատանքային ժամ իմաստով:
ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ նիստերի դահլիճից հեռացումը կարող է կիրառվել ոչ ավելի, քան 36 ժամով, իսկ դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ` որոշակի ժամկետով կամ մինչև դատաքննության ավարտը:
Փաստաբանների պալատի նախագահը գտել է, որ նշված նորմում կիրառվող «ժամ» հասկացությունը որոշակի չէ, և կարող է տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տալ, հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերության համաձայն՝ նիստերի դահլիճից հեռացումը չի կարող կիրառվել տվյալ պահին ցուցմունք տվող վկայի նկատմամբ: Հայցվորի նկատմամբ նիստերի դահլիճից հեռացում կիրառվելու դեպքում նիստը հետաձգվում է սանկցիայի կիրառման ժամկետով:



