Հայաստան-Եվրամիություն սպասվող դիվանագիտական համաձայնությունը կրկին արթնացրել է Ռուսաստանի Դաշնության անհանգստությունն այն առումով, որ սա հիմք կարող է հանդիսանալ Հայաստանի հետագա եվրաինտեգրման խորացման համար, և քանի որ ստեղծված աշխարհաքաղաքական իրադրությունը և դրանում Ռուսաստանի նեղ իրավիճակը թույլ չեն տալիս բացահայտ խոչընդոտել այս փաստաթղթի ստորագրմանը, այժմ էլ Ռուսաստանը այլ երաշխիքներ է ձգտում ապահովել Հայաստանը Ռուսաստանի քաղաքական տիրապետության տակ պահելու համար, այն է` ռուսաց լեզուն Հայաստանում որպես երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալը: Բնականաբար, այս ամենը կտրականապես անընդունելի պետք է լինի մեզ համար, և երեկ, լսելով հայոց լեզվի որոշ մասնագետների, հասկանում ես, որ հենց իրենք մակերեսային մոտեցում ունեն այս հարցի նկատմամբ, քանզի խնդիրը խորքային տեսանկյունից չեն դիտարկում: Թեև ռուսերենը Հայաստանում պետական կարգավիճակ չունի, սակայն բոլոր բուհերում, բոլոր դպրոցներում կրթական ոլորտի մասնագետների 40%-ը, չգիտես ինչու, քաղքենավարի խոսում է ռուսերեն և անգամ ամբիոնի նիստերի, ուսանողների դասապրոցեսի ժամանակ շատ մասնագետներ իրենց թույլ են տաիս ռուսերենով խոսել: Անշուշտ, կրթական-գիտական ոլորտում հատկապես տարբեր լեզուների իմացությունը պարտադիր է, սակայն անընդունելի եմ համարում հայ բուհում, հայ դպրոցում առանց պահի անհրաժեշտության ռուսերեն լեզվով խոսող մասնագետների գործելաոճը: Հայերենն ու հայերեն լեզվամտածողությունը մեր պետության ինքնիշխանության և անաղարտության հիմքն են, և եթե մենք ուզում ենք իրապես հայերենն անաղարտ ձևով պահպանել և այն դիտարկել որպես ազգային ինքնության և ազգային պետականության պահպանման երաշխիք, ապա Կրթության և գիտության նախարարության մակարդակով պետք է սկզբունքային և հստակ քաղաքականություն իրականացնել այս բացերը, որոշ մասնագետների քաղքենությունը բացառեու և հայ երիտասարդի մեջ իր պետական լեզվի նկատմամբ հարգանք սերմանելու համար: Խնդիրը խորքային է և պահանջում է անդրադարձ կատարել առաջին հերթին հայ հասարակության վերաբերմունքին սեփական մայրենիի նկատմամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: