Իմ նյարդերը առավոտ բարի լույսով խառնվում են իրար, երբ տեսնում եմ որոշ լրագրողների կողմից դրսևորվող ցինիզմն ու անփութությունը, որոնք ջնջում են բարոյական ու էթիկական ամեն սահման, միայն թե մի հատ էլ սենսացիոն կամ կիսասենսացիոն նյութ գրեն։ Ընդ որում, կարիք էլ չկա նեղություն քաշելու ու համապատասխան ճշտումներ անելու, որովհետև նախօրոք պլանավորված հոդվածի պլանը կարող ա հարամ լինի, որովհետև ճշտումները կարան իրանց երևակայության արգասիք հանդիսացող հոդվածի «մեխերը» հարամ անեն։
Վերցնենք լրագրողական էթիկայի նման բռնաբարման հերթական դրսևորումը, որը այս անգամ էլ տեսնում ենք «Հրապարակի» լրագրողի կատարումով։ Պռոշյանի գյուղապետի սպանության թեմայով հոդված է հրապարակվել հետևյալ վերնագրով.
«Ո՞վ է Պռոշյանի գյուղապետի սպանության գործով կասկածյալը»։ Բայց դե խնդիրը վերնագրի մեջ չէ, այլ վերջին պարբերության.
«Հիշեցնենք, որ դաշնակցական գյուղապետին խփել են հենց գյուղապետարանի դիմաց: Եվ միակ հետքը, որի մասին խոսվում է՝ սպիտակ «Նիվան» է, որն ինչ-որ մեկը նկատել է սպանությունից անմիջապես հետո: Կրակոցը եղել է դիպուկ, ըստ ամենայնի՝ դիպուկահարի ձեռքից, քանի որ մահը վրա է հասել վայրկենական»:

Հարգելի լրագրող, գրելով այս տողերը, դուք ձեզ թույլ եք տվել սպեկուլյացիա սպանված մարդու մահվան փաստի մասով։ Ի՞նչ է նշանակում «Կրակոցը եղել է դիպուկ, ըստ ամենայնի՝ դիպուկահարի ձեռքից, քանի որ մահը վրա է հասել վայրկենական»։ Եթե կրակոցը արված լինի 1 մետրից ու դիպուկ լինի, դա ևս նշանակելո՞ւ է, որ հավանաբար դիպուկահար է կրակել։ Ո՞վ է ասել, որ նույն դիպուկահարի հետքի մասին է խոսում մահի ակնթարթային լինելը։ Եթե խոսում ես դիպուկահարից, ապա ինչո՞ւ չես փորձել ճշտել փամփուշտի տրամաչափը ու այն արձակած զենքի տեսակը։ Ու էլի լի՜քը ինչուներ։ 
Գրում ես՝ «Սակայն տեղեկացված աղբյուրը, որն իրավապահ շրջանակներից է, հաղորդում է, որ սպանության գործով հիմնական կասկածյալը գյուղապետի ընտրություններում հանգուցյալի մրցակից ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանն է» ու իբր փաստարկ բերում ես այն, որ Ոստիկանության մամլո խոսնակը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց...
Լավ էլի, բոլ ա գռդոն անեք, արդեն սպանել եք դուք լրատվական դաշտը, ու այնպես չի, որ այս երևույթը բացառիկ է կամ բնորոշող է միայն մեկ լրատվամիջոցի, այն համապարփակ է ու ակտիվորեն տարածվելու հակում է ցույց տալիս։ Հասկացանք՝ ցուցանիշներ են պետք, բայց խղճի մասին էլ մոռանալ պետք չի, ոչ էլ մասնագիտական՝ լրատվական էթիկայի մասին։ Մի պղծեք էդ հասկացողությունը։

Հ.Գ. Մինչդե, Ոստիկանությունից հայտնում են, որ տարբեր ստորաբաժանումների փոխգործակցված միջոցառումների արդյունքում հանցագործությունը կատարելու կասկածանքով կան ձերբակալվածներ, բայց ձերբակալվածների ինքնությունը դեռ չեն հայտնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել