Անցած շաբաթ «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությունը ներկայացրեց Հայաստանի Ազգային մրցունակության 6-րդ զեկույցը՝ «Մեր դերը Չորրորդ արդյունաբերական հեղափոխության մեջ» խորագրով։
«Չորրորդ արդյունաբերական հեղափոխություն» արտահայտությունը վերջերս հատկապես քննարկվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում։ Համանուն վերնագրով գիրք է հրապարակել կազմակերպության ղեկավար Կլաուս Շվաբը։
Առաջին արդյունաբերական հեղափոխությունը տեղի ունեցավ 18-19-րդ դարերում, երբ ագրարային հասարակությունից անցում կատարվեց արդյունաբերական հասարակության՝ երկաթի, տեքստիլի արդյունաբերության զարգացման արդյունքում։ Երկրորդ արդյունաբերական հեղափոխությունը տեղի ունեցավ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին՝ էլեկտրականության, հեռախոսի և մի շարք նմանատիպ գյուտերի արդյունքում։ Երրորդ հեղափոխությունը տեղի ունեցավ 20-րդ դարի վերջում առաջացած թվային տեխնոլոգիաների միջոցով։ Իսկ չորրորդ հեղափոխությունը կապված է ռոբոտիկայի, արհեստական բանականության զարգացման հետ։
Զեկույցը հիմնականում դիտարկում է տնտեսական խնդիրներ։ Բայց հեղինակներն իրավիճակի բարելավման միջոցներից մեկը համարում են քննական և ստեղծագործ մտածողության զարգացումը, ինչն ուղղակիորեն առնչվում է կրթության հետ։ Համաձայն եմ հեղինակների հետ, քանի որ Հայաստանի զարգացման լավագույն ճանապարհներից մեկը հենց քննական և ստեղծագործական մտածողության զարգացումն է։ Խնդիրն այն է, որ այս առաջարկը նորություն չէ Հայաստանում։ 2004 թվականին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց դպրոցական կրթության Կրթակարգին։ Այդ փաստաթղթում կարևորվում էր հանրակրթության ոլորտում քննական և ստեղծագործական մտածողության զարգացումը։ Ավելին, նշվում էր, որ կրթության ոլորտում պետք է խրախուսվի աշակերտներին ինքնուրույն մտածողությունը։
Անցել է 13 տարի։ Ակնհայտ է, որ մեր կրթության համակարգում քննական և ստեղծագործական մտածողության զարգացման առումով էական տեղաշարժ չկա։ Գերիշխում է շտեմարանների ու դասագրքերի նյութերն անգիր անելու մոտեցումը։ Հավանաբար, առաջիկա տարիներին նույնպես կլինեն զեկույցներ, փաստաթղթեր, որոնցում կկարևորվի այս հարցը, քանի որ հենց սա է Հայաստանում ճեղքում անելու և փոփոխությունների շարժիչ ուժը։ Ի դեպ, զեկույցի շնորհանդեսի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը խոստացել է, որ այս հմտությունները կարևորվելու են կրթության զարգացման առաջիկա ծրագրում։
Ամեն դեպքում, ինչո՞ւ չի զարգանում քննական և ստեղծագործական մտածողության վրա հիմնված մոտեցումը Հայաստանի կրթական համակարգում։ Մանավանդ, Հայաստանի կրթության ոլորտի տարբեր մակարդակի ղեկավարներ հաճախ են ասում, որ իրենք ուզում են, որ իրենց աշխատողները ստեղծագործաբար մոտենան աշխատանքին, նոր գաղափարներ առաջարկեն, ակտիվ լինեն, բայց աշխատողները պասիվ են, անտարբեր։ Այդպես էլ պետք է լինի։
Խնդիրն այն է, որ կրթության ոլորտը շատ ընդհանրություններ ունի հողագործության հետ։ Դու չես կարող պարզապես քարոզելով ու պահանջելով այգուց լավ բերք ստանալ։ Դու պարտավոր ես միջավայր ստեղծել, հոգ տանել, խնամել, ուշադիր լինել։ Դու չես կարող միանգամից բերք պահանջել։ Դու պետք է նախ ցանես։ Ինչո՞ւ պետք է աշխատողները, մանկավարժները նախաձեռնող լինեն, եթե մեզանում դեռևս նախաձեռնությունը պատժվում է։ Ինչո՞ւ պետք է ոլորտի աշխատողները քննական և ստեղծագործական մտածողություն զարգացնեն, եթե գործում է ղեկավարին հաճոյանալու, նրա կուսակիցը դառնալու միջոցով առաջ գնալու ավելի հեշտ ճանապարհը։ Մենք չենք կարող փաստաթղթերում ամրագրելով, ծրագրեր ու դասագրքեր գրելով՝ ինչ-որ բան զարգացնել, եթե չկա աջակցող միջավայր։
Աշխարհի հայտնի ընկերություններից մեկի՝ Բրիդջուոթերսի աշխատակիցներն իրավունք ունեն ազատորեն արտահայտել սեփական տեսակետները կազմակերպության ներսում տեղի ունեցող զարգացումների մասին։ Ժողովներից մեկից հետո, ընկերության աշխատողներից մեկը տնօրենին էլեկտրոնային նամակ է գրում, որում նշում է, որ տնօրենի այսօրվա ելույթն անհաջող էր։ Եվ ի՞նչ արեց տնօրենն այդ նամակը ստանալուց հետո։ Նա էլեկտրոնային նամակ ուղարկեց ժողովի բոլոր մասնակիցներին՝ խնդրելով անաչառ գնահատել իր ելույթը։ Հայաստանի կրթության ոլորտում քանի՞ աշխատակից է ազատորեն արտահայտում իր տեսակետը, և, եթե արտահայտում է, արդյո՞ք չի մարգինալացվում։ Քանի՞ մարդ կհամարձակվի իր ղեկավարին ասել, որ ելույթն անհաջող էր։ Ազատ արտահայտվելու հնարավորությունն այն բարենպաստ հողն է, որի վրա պետք է զարգանա քննական և ստեղծագործական մտածողությունը։ Եթե այդ միջավայրը չկա, ապա քննական և ստեղծագործական մտածողության զարգացման հնարավորությունը թղթից այն կողմ չի գնա։



