«Սանիթեք» ընկերությունը տեղեկացնում է, որ այս պահին Երևան քաղաքում աղբահանության գործընթացում խափանումներ կան, և հնարավոր է, որ որոշ հասցեներում աղբի տեղափոխման գործընթացում ժամային գրաֆիկից ուշացումներ լինեն։
Ընկերության հաղորդմամբ, խափանման պատճառն այն է, որ վերջին շաբաթների ընթացքում բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ որոշ անբարեխիղճ բնակիչներ շինարարական կոշտ աղբը որպես կենցաղային աղբ նետել են աղբամանների մեջ. արդյունքում՝ միաժամանակ աշխատանքի մեջ գտնվող մի քանի մեքենաներում անսարքություններ են առաջացել։ Պատճառն այն է, որ, թեև աղբատար մեքենաները համալրված են աղբը սեղմելու համար նախատեսված հատուկ սարքերով, դրանք նախատեսված չեն շինարարական կոշտ աղբը սեղմելու համար, ուստի երբ շինարարական աղբը հայտնվում է սեղմիչ սարքի հատվածում, վերջինս վնասվում է։
Ընկերության աշխատակիցները, մասնավորապես՝ մեքենաների սպասարկման անձնակազմը, աշխատում են արտակարգ ռեժիմով՝ փորձելով հնարավորինս արագ շտկել տեխնիկական խնդիրները։
Աղբյուրը հիշեցնում է, որ «Սանիթեք» ընկերության աղբատար մեքենաների մեծ մասը նախատեսված չէ ծանր շինարարական աղբ տեղափոխելու համար, իսկ ընկերությունը չի զբաղվում աղբի այդ տեսակի տեղափոխությամբ։



