Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ՈՒԵՖԱ-ն արգելել է Հայաստանի և Արցախի դրոշների Թբիլիսիի մարզադաշտ տանելը, որտեղ վաղը տեղի կունենա վրացական «Սամտրեդիա» և ադրբեջանական «Ղարաբաղ» թիմերի երկրորդ խաղը։
Զարմանալի էակներ են ադրբեջանցիները։ Իրենց և վրացական ֆուտբոլային թիմերի հանդիպումների ժամանակ տեղի ունեցած բացասական բոլոր երևույթների մեջ փորձում են հայկական հետք գտնել։ Ալիևյան կայքերից մեկի հոդվածում բացահայտ մեղադրանքներ են հնչում հայերի հասցեին, բայց ոչ մի ապացույց ներկայացված չէ։ Անհեղինակ հոդվածում ընդամենը եզրակացություն է արվում, որ հայերն են մեղավոր վրաց-ադրբեջանական ֆուտբոլային թիմերի հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի համար։ Բայց զավեշտալին այն է, որ այդ միջադեպերի ժամանակ ոչ մի անգամ ՀՀ-ի կամ Արցախի դրոշներ չեն պարզվել։ Հայաստանին կամ Արցախին պաշտպանող ոչ մի ցուցապաստառ չի պարզվել։ Ընդհակառակը, 2015 թ.-ին Թբիլիսիի «Դինամոյի» և ադրբեջանական «Գաբալայի» միջև խաղի ժամանակ վրացի երկրպագուները պարզել էին «Մենք հիշում ենք։ Զաքաթալա, Գախ., 1921»։ Թբիլիսյան հանդիպումից հետո «Դինամոյի» երկրպագուները, որոնք չեն էլ թաքցրել իրենց դեմքերը, ծեծի են ենթարկել ազերիներին, խլել և ոտնատակ տվել «Գաբալայի» և Ադրբեջանի դրոշներն ու այդ ամենը հրապարակել սոցցանցերում։ Բաքվում հիանալի տեղյակ են այդ արարքի բոլոր «հերոսներից», սակայն փորձում են ամբողջ մեղքը բարդել հայերի վրա՝ խնայելով վրաց-ադրբեջանական հարաբերությունները։ Սակայն Բաքուն շատ արագ բացահայտեց, որ հայերին մեղադրանքներ ներկայացնելը շինծու է, քանի որ այդ թիմերի միջև տեղի ունեցած երկրորդ հանդիպման ժամանակ ազերի երկրպագուներն էին անցել «պատմաաշխարհագրական» հիշողությունների գիրկը և Վրաստանին էին տարածքային պահանջներ ներկայացնում, ինչպես նաև ոտնատակ էին արել և այրել Վրաստանի դրոշը։ Այս ամենից հետո, երբ ֆուտբոլի վրացի և ազերի երկրպագուները միմյանց նկատմամբ ատելությամբ են լցված, Բաքվում, գիտակցելով, որ վաղը տեղի ունեցող «Սամտրեդիա»-ի և «Ղարաբաղ»-ի խաղի ժամանակ կարող են տեղի ունենալ ֆորսմաժորային իրավիճակներ, նախօրոք արդեն փորձում են այդ ամենում մեղադրել հայերին այն դեպքում, երբ հայերի համար բացարձակ միևնույն է, թե ով է հաղթում։
ՈՒԵՖԱ-ն, եթե այդպիսի հիմար որոշում է ընդունել, լավ կլինի՝ իմանա, որ հայերի համար շատ անպատվաբեր է, եթե Հայաստանի և Արցախի դրոշները ծածանվեն ադրբեջանական լաթի կողքին։
Ի դեպ, ևս մեկ անգամ ազերիները օգնության են կանչել SOCAR Energy Georgia-ին՝ ի դեմս գլխավոր տնօրեն Մահիր Մամեդովի։ Ազերիական այս ընկերությունը մենաշնորհ ունի վրացական գազի և նավթի շուկաներում։ Այսինքն՝ Բաքվում սպառնում են վրացիներին և հասկացնում, որ խելոք մնան և չզայրացնեն Իլհամ բաբային։ Այլ դեպքում էներգակիրների խնդիր կունենան։
Հ.Գ. Հավանականությունը, որ վաղը վրացիները կրկին իրենց ատելությունը ցույց կտան ազերիներին, շատ մեծ է։ Առաջին խաղում ադրբեջանցիները հաղթել են 5-0 հաշվով։ Տաքարյուն վրացիները հաջորդ փուլ չանցնելու դեպքում մի լավ ցույց կտան ադրբեջանցիներին իրենց «հյուրընկալությունը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել