Անշարժ Շարժումներ կամ Նեոբոլշևիզմ

Մեր քաղաքական գործիչների մեծ մասը դպրոցն ավարտել է կոմունիստական կարգերի օրոք և դաստիարակվել Հոկտեմբերյան մեծ, Ֆրանսիական մեծ ու փոքր հեղափոխությունների ոգով: Եվ քանի օր ընտրությունների միջոցով հնարավոր չի լինում մեզանում իշխանություն փոխել, ապա նրանց մտապատկերներում առկայծում են քաղաքական պայքարի վերաբերյալ իրենց դպրոցական գիտելիքները. զանգվածային բռնկումներ, բարիկադներ, գրոհ պալատների վրա և նման այլ դրվագներ: Սակայն  բողոքավոր հանրությունը հիմա զենք չունի, նրան նավաստիներ ու զորամասեր չեն միանում՝  իշխանությունների ուժային դիմակայությունը հաղթահարելու համար, և ընդդիմադիր դաշտի քաղաքական օրակարգում եղել ու շարունակում է մնալ անզեն զանգվածային  պայքարի մեթոդը: Դրա էությունը հետևյալն է. ընտրությունների արդյունքների վիճարկումը որպես շարժառիթ օգտագործելով`բորբոքումներ հրահրել հանրային լայն շերտերի մոտ, այնպես հեղեղել հրապարակներն ու փողոցները՝ միաժամանակ հասնելով իշխանական համակարգի ներսում այնպիսի ճաքեր առաջացնելուն,  որ իշխանությունները երկյուղելով զենքի դիմել՝ նահանջեն:
Այս մեթոդի արահետը մեզանում գցել է Վազգեն Մանուկյանը, ու պիտի ասել, որ բավականին հաջողությունների հասավ այն օրերին: Տասնյակ հազարավոր մարդիկ էին ելել արդարության համար պայքարի, ու քանի որ առաջին անգամն էր ներքաղաքական պայքարն այդպես սրվում, ապա իշխանական ճամբարում որոշակի խուճապ էր առաջացել: Ցուցարարներն անգամ Ազգային ժողովի շենքը գրավեցին: Հետո իշխանություններն ուժ կիրառեցին ցուցարարների հանդեպ, ապա ընդդիմության առաջնորդները ենթարկվեցին կոշտ բռնությունների, և շարժումը հետզհետե անցավ պատմության գիրկը:
Առանց դաս առնելու կատարվածից ու առանց քննելու ընդդիմության ընդգծված առաջնորդի հեղինակազրկման բուն պատճառները` 2003 թվականին բողոքի նոր շարժում սկսվեց, բայց հետընտրական ընդվզումները նախորդի համեմատ սուպեր-լայթ կարելի է համարել. շարժումն ընկրկեց մեկ-երկու անգամ Բաղրամյան պողոտայում փշալարերի պատնեշի հանդիպելով, ապա գիշերային թեթև ծեծից հետո սահուն կերպով անէացավ՝ ևս մեկ մեծարված առաջնորդի ուղարկելով ժողովրդական ֆոլկլոր՝ ծանակման:
Վազգեն Մանուկյանին թերևս կարողացավ գերազանցել Լևոն Տեր-Պետրոսյանը, ում դեմ ժամանակին պայքարում էր նույն ինքը՝ Վազգեն Մանուկյանը: Տեղի ունեցածը հայտնի է ամենքին, և մանրամասներին չենք դիմի: Փաստենք միայն, որ այս անգամ իշխանության մեջ առաջացած ճաքն էլ էր ավելի խորը, ցուցարարներն էլ էին ավելի մեծաթիվ, բայց, միևնույնն է, ոչ թե եղավ իշխանությունների նահանջ, այլ արյունալի հակադրություն:
Կատարվածը պիտի որ հուշեր այս մեթոդի անիրականանալի լինելը մեզանում, բայց այդպես չէ. այսօր էլ շարժումները միմյանց հետ համեմատում են բացառապես նույն հատկանիշներով՝ բազմամարդություն, տագնապի առկայություն իշխանության ճամբարում: Ու նրանք, ովքեր ավելի բախումնալի շարժման են մասնակից եղել կամ նախաձեռնել, այսօր ավելի մեծ հպարտությամբ են շորորում հասարակական կյանքում ու սոցցանցերում՝ ծաղրելով անցյալ և ներկա շարժումները, քան կունենար Բոնապարտն իտալական փառահեղ արշավանքից հետո: 
Եվ այսօր էլ ներկա առաջնորդները մտորում են բացառապես մի բանի մասին՝ ինչպե՞ս պայքարը դարձնել բազմամարդ: Մինչդեռ վաղուց ժամանակն է հասկանալու, որ իր հետևից միմիայն անհուսություն թողնող քաղաքական պայքարի նեոբոլշևիկյան այս մեթոդը դարն ապրել է: Հատկապես, որ պարբերաբար վրա հասնող համահասարակական հուսալքությունը պատյանավորում է շատերին, ոմանց էլ դուրս մղում երկրի սահմաններից՝ էականորեն նվազեցնելով իշխանություններին նահանջ հարկադրելու ունակ հուժկու հանրահավաքներ անցկացնելու հավանականությունը: Բացի դա, իշխանություններն են գնալով հմտանում կանխարգելիչ եղանակներ կիրառելու ասպարեզում:

Տեր-Պետրոսյանի՝ ընտրություններին չմասնակցելը թերևս վերն ասվածի գիտակցումով կարելի է բացատրել:

Վազգեն Մանուկյանի` օրերս արած հրապարակային հայտարարությունը, թե 1996  թվականից սխալ ուղիով ենք ընթանում, ևս մեկ ապացույց է:

Իսկ այն, որ հետընտրական ողջ շրջանում Րաֆֆի Հովհաննիսյանին շփոթվածություն է համակել, կարելի է ներկայացնել որպես երրորդ ապացույց:

Հին մեթոդը մեռնում է:
    Մինչդեռ որակապես այլ իշխանություն ունենալը խիստ անհրաժեշտություն է:
    Բայց կա՞ արդյոք այլ մեթոդ:
    Մեզանից դեռ շատ վաղուց ապրած իմաստուններն ասել են, թե անելանելի վիճակ չի լինում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել