Այս անգամ քեզ ենք ներկայացնում մեր շոու-բիզնեսի ամենավառ ներկայացուցիչներից Էմմիի ֆիզիոգնոմիկ վերլուծությունը: Կարծում ենք` բաց չես թողնի սիրածդ երգչուհուն գրեթե ամբողջովին բացահայտելու հնարավորությունը: Ի՞նչ, դու դեռ չգիտես` ինչ է ֆիզիոգնոմիկ վերլուծությունը: Լավ, ամեն ինչ ըստ հերթականության:

Ֆիզիոգնոմիկան աշխարհի ամենաարագ զարգացող գիտություններից է, թեև այն չի կարելի դասել ճշգրիտ գիտությունների շարքը: Այն հնարավորություն է տալիս ըստ դիմագծերի, արտաքին տվյալների ու կնճիռների հետևություններ անել մարդու խառնվածքի և անհատական առանձնահատկությունների մասին:

 

 

Օրինակ, եթե բերանի անկյուններին հայտնվում են դեպի ներքև իջնող ծալքեր, նշանակում է, որ այդ անձը դեպրեսիա է տարել, իսկ ճակատը ուղղահայաց հատող գիծը խոսում է մարդու նպատակասլացության մասին: Այսինքն` կարելի է ասել` ֆիզիոգնոմիկ վերլուծությունը բաղկացած է 2 մասից. վերլուծություն` ըստ բնատուր տվյալների և վերլուծություն` ըստ ձեռքբերովի հատկանիշների: Ուստի, ավելի դժվար է բնորոշել երիտասարդներին, քանի որ նրանց մոտ այնքան էլ արտահայտված չեն ծալքերն ու կնճիռները: Այնուամենայնիվ, բազում հանրահայտ հոգեբաններ օգտվում են ֆիզիոգնոմիկայի համակարգից` հեշտացնելով իրենց խորհրդատվություններն այցելուների հետ: Իսկ, օրինակ, ԱՄՆ-ի և Կանադայի դատական մարմիններն օգտվում են ֆիզիոգնոմիկայից` երդվյալ ատենակալներ ընտրելու համար: Վերջապես, օրինապահ մարմինները ֆիզիոգնոմիկայի միջոցով կարողանում են բոլոր կասկածյալներից առանձնացնել պոտենցիալ հանցագործին: Սա բոլոր ոլորտների միայն չնչին հատվածն է, ուր հասցրել է ներթափանցել ֆիզիոգնոմիկան:

Վերադառնալով մեր հերթական քննվողին` Էմմին, պետք է նշենք, որ նա բավականին հուզական է, սանգվինիկ: Պատմությանը հայտնի են երկու մեծանուն սանգվինիկներ` կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը և հեղափոխական Ալեքսանդր Գերցենը:

Էմմիի տիպի դեմքով հիմնականում հանդիպում են ճանապարհորդներ, հոգեբաններ, լրագրողներ և արևելյան մարտարվեստով զբաղվողներ:

 

 

Դիտարկելով Էմմիի աչքերը` պետք է ասել, որ նա խաղաղասեր է, ներողամիտ ու զիջող: Չի բացառվում, որ շատերը կարող են օգտվել նման հանդուրժող խառնվածքից: Իսկ Էմմին մարդկային հարաբերություններում աչքի չի ընկնում պահանջկոտությամբ ու բծախնդրությամբ: Մեր հերոսուհին միշտ լի է սիրով, մարդկանց միշտ տեսնում է դրական լույսի ներքո և լավատեսորեն է տրամադրված: Ցավալի է, բայց հենց այդ պատճառով նա հաճախ կարող է մեծ հիասթափություններ ապրել: Բացի այդ, Էմմին մարդկանց ընդունում է այնպիսին, ինչպիսին կան` խուսափելով կոնֆլիկտներից, վեճերից ու հակասություններից: Խաղաղասիրությունն ու անխռով բնավորությունը նրան համընդհանուր համակրանքի են արժանացնում:

Անդրադառնալով Էմմիի հոնքերի կառուցվածքին` ակնհայտ է, որ բարի անձնավորություն է` լի դրական լիցքերով ու լավատեսական մոտեցումներով: Սովորաբար նման մարդիկ ամուսնության մեջ երջանիկ են լինում, քանի որ խաղաղասեր են ու խնդիրներին ըմբռնումով են վերաբերվում: Էմմին այս առումով երանելի հարսնացու է, քանի որ հոգատար է ու ջերմեռանդ, գիտակցում է ընտանեկան խաղաղության ու կայունության կարևորությունը:

Մաշկի ընդհանուր բնույթը հուշում է, որ նա երջանիկ մանկություն է ունեցել` լի բարությամբ ու քնքշանքով: Մանկական այդ խաղաղ ու գունեղ մթնոլորտը հետագայում բարենպաստ ազդեցություն է թողել նրա անհատականության վրա:

Էմմիի կզակը խոսում է այն մասին, որ աչքի չի ընկնում ֆիզիկական բնատուր ուժով: Եթե նա այժմ ֆիզկապես ամուր է, ապա միմիայն համառության ու աշխատասիրության շնորհիվ: Կզակը նաև հուշում է, որ Էմմին ժամանակ առ ժամանակ թերագնահատում է իրեն: Նա չափազանց մեծ տեղ է տալիս շրջապատի կարծիքին: Սա, թերևս, Էմմիի հիմնական թերությունն է:

 

 

Քթի ու ռունգերի կառուցվածքը վկայում է մի շատ կարևոր առանձնահատկության մասին. Էմմին իսկական մարգարե է, նրա մոտ զարգացած է, այսպես կոչված, վեցերորդ զգայարանը: Նա ինտուիտիվ կարողանում է շատ բաներ կռահել ու կանխազգալ:

Իսկ ահա ֆինանսական հարցերում երգչուհին աչքի է ընկնում ծախսարարությամբ. պարզապես չի սիրում և չգիտի խնայել:

Ճակատային ընդհանուր հատվածը փաստում է, որ Էմմին մաքսիմալիստ է և անխնա է իր հանդեպ, երբ հստակ նպատակներ ունի: Մեր հերոսուհու նման մարդկանց փառքը երբեք չի շեղում ուղուց, հետևաբար` չի ազդում նաև նրանց ձեռքբերումների վրա:

Անդրադառնալով երգչուհու կենսաբանական առանձնահատկություններին` պետք է նշել, որ նա բավականին թեթև է սնվում, բացարձակ առողջ է և տարբեր հիվանդությունների նկատմամբ օրգանիզմն առանձնակի հակում չունի: Չի բացառվում նաև, որ նա վախենում է միջատներից: Ըստ երևույթին` դա մի անհաղթահարելի ֆոբիա է:

Ընդհանուր դիմագիտական եզրակացությունից ելնելով` Էմմիի կյանքի կարգախոսը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. «Ես իմ վերջնական խոսքը դեռ չեմ ասել»: Հավատացած եղեք, երգչուհին դեռ շատ կզարմացնի իր արվեստով... Համենայն դեպս, դա է փաստում նրա ֆիզիոգնոմիկ վերլուծությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել