Տևական ժամանակ է, ինչ «Հայ սուպերսթար 1» Սուսաննա Պետրոսյանը, այսպես ասած, կորել է ասպարեզից: esyes.am-ը հետաքրքրվել ու պարզել է, թե այժմ ինչով է զբաղված երգչուհին: Պարզվում է, Սուսաննային էլ վերջին շրջանում հաճախ ասում են, որ կորել է, թեև, ըստ երգչուհու, ինքն այս ընթացքում երգում է հեռուստատեսային տարբեր երաժշտական նախագծերում ու պատրաստում անակնկալներ իր երկրպագուների համար: 

 Սուսաննայի փոխանցմամբ` պատրաստվում է հանդիսատեսին ներկայանալ նոր երգով, որի անվանումը դեռ պարզ չէ: Խոսքերի հեղինակը երգչուհին է, իսկ երաժշտությունը գրել է Արթուր Ալեքը: «Արթուրին ճանաչում եմ մանկուց, միասին երգել ենք «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբում. կարծես իմ փոքր եղբայրը լինի,-ասաց 23-ամյա երգչուհին ու հավելեց,- Արթուրն ինձ անսպասելիորեն երաժշտություն նվիրեց, որից շատ էի ոգևորվել: Եկա տուն, մի քանի անգամ լսեցի այն, քունս չէր տանում ու սկսեցի բառերը գրել. այդպես էլ ծնվեց իմ նոր երգը»: 

 Երգչուհու խոսքերով` երգի գործիքավորումը մոտ օրերս կավարտվի, որից հետո էլ մոտ մեկ ամսվա ընթացքում այն հանդիսատեսի դատին կհանձնվի. «Սկզբում երգը կլինի, հետո նաև տեսահոլովակը»: Խոսելով երգի մասին` Սուսաննան նշեց, որ այն սիրային հիշողությունների մասին է: «Ամեն ոք, երգը լսելով, ինչ-որ բան կհիշի ու իր համար տաքուկ մի բան կգտնի»,-ավելացրեց երգչուհին: 

 Երբ երգչուհուն հարցրի արդյոք սիրային երգ կատարելու համար պարտադիր է սիրահարված լինելը, հետևյալն ասաց. «Միգուցե սիրահարված ժամանակ երգն ավելի հեշտ ու զգացմունքային է ստացվում. ավելի լավ ես զգում երգը: Կարծում եմ նաև, որ յուրաքանչյուր մարդ էլ ինչ-որ երևույթի կամ էակի սիրահարված է»: Ինչ վերաբերում է իր անձնականին, երգչուհին չցանկացավ պատասխանել այդ հարցերին. «Անձնականից չեմ ուզում խոսել»: 

 Մոտ օրերս երգչուհին իր երկրպագուների համար մեկ այլ անակնկալ էլ ունի: Սուսաննան երգիչ Դավիթ Բադալյանից համատեղ համերգով հանդես գալու առաջարկ է ստացել և մեծ սիրով ընդունել այն: Այսպիսով, ապրիլի 7-ին «Bobs Pub-Club»-ում տեղի կունենա Սուսաննայի և Դավթի ակումբային համերգը` նվիրված բոլոր մայրերին ու կանանց: Համերգը, որի մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար, բազմաժանր է լինելու. այդ օրը հնչելու են համաշխարհային հիթեր, R&B, սոուլ, ռեգգի  ոճի կատարումներ: Ինչպես Սուսաննան նշեց, իրենք մի քանի ոճերի փունջ են պատրաստել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել