Գիտե՞ք, թե որն էր հայկական առաջին գեղարվեստական ֆիլմը։ Համո Բեկնազարյանի «Նամուսը», որի սցենարը կինոբեմադրիչը վերցրել էր Շիրվանզադեի համանուն վեպից։ Ինչո՞ւ նա անդրադարձավ հենց այդ գործին և ինչո՞ւ հայկական կինոարվեստի մուտքը նշանավորվեց հենց այս ստեղծագործությամբ։ Հիշեցնեմ սցենարը․ գավառական փոքրիկ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի փլատակների տակ հրաշքով կենդանի են մնում մի փոքրիկ աղջիկ ու տղա: Ծնողները պայմանավորվում են, որ կողք-կողքի փրկված իրենց երեխաները մեծանալուն պես պիտի ամուսնանան: Աղջիկն ու տղան՝ Սուսանն ու Սեյրանը, մանկուց միասին խաղում են, ու իսկապես սերը հասունանում է նրանց սրտերում: Ահա գալիս է սպասված պահը, որ նրանք պետք է ամուսնանան, սակայն, ըստ հին ավանդույթի՝ ադաթի, սիրահարները հարսանիքից առաջ չպետք է տեսնվեն: Սիրահարները չեն դիմանում, որոշում են գաղտնի հանդիպել: Աղջկա հայրը՝ Բարխուդարը՝ քաղաքի հարգարժան այրերից մեկը, իմանալով այդ մասին, համարում է, որ իր պատիվը՝ նամուսը, գետնով է տրված: Նա ոչ միայն դաժան ծեծի է ենթարկում աղջկան, այլև, որպեսզի ապացուցի, որ իր դուստրն անապական է, որոշում է ամուսնացնել նրան ուրիշի հետ: Կադրերում տեսնում ենք, թե ինչպես է երկու հարևանների տների միջև սահման հանդիսացող պատը վերստին կառուցվում: Իսկ ենթագրերում կարդում ենք. «Քաղաքով շրջում է բամբասանքը…»: Այ հենց այստեղ էլ ես կանգ կառնեմ և չեմ շարունակի պատմել, թե ինչպես, ի վերջո, Սուսանի խանդոտ ամուսինը դաշույնով սպանեց նրան, այլ կանդրադառնամ հայկական առաջին գեղարվեստական ֆիլմի հեղինակի հայացքին, որը սուր քննադատության էր ենթարկում ադաթ, նամուս հասկացությունները, տպավորիչ տեսարաններով նկարագրում իլիկով ու շյուղերով բամբասանք հյուսող հասարակությանը, որտեղ սերն անպաշտպան է, ադաթի ու նամուսի գերին։ Եվ այդ քննադատական հայացքը, որը կար անցած դարի առաջին կեսին, այսօր անհետացել է հայ կինոարվեստում։
Օրերս մեծ աղմուկ բարձրացավ, երբ «Ոսկե ծիրան» 14-րդ կինոփառատոնի ծրագրից հանվեց արտամրցութային մի մեծ ծրագիր՝ գրեթե 40 ֆիլմ՝ հագուրդ տալով հանրության մեջ մի խմբի՝ իլիկով ու շյուղերով հյուսվող բամբասանքներին։ Առիթը երկու՝ «Ծիրանի այգիներ» և «Լսիր ինձ. չպատմված պատմություններ ատելությունից անդին» ֆիլմերն էին, որոնք անդրադառնում էին ԼԳԲՏ համայնքի խնդիրներին։ Միայն թե այդ ֆիլմերը չցուցադրվեն, փառատոնը պատրաստ էր զիջել ամբողջ ծրագրից մի հատված։
Կինոն իր մեջ միավորում է տարածական և ժամանակային արվեստների հնարավորությունները, սինթեզում է գրականության, թատերարվեստի, կերպարվեստի, երաժշտության արտահայտչամիջոցները, այն իսկապես հզոր գործիք է՝ փոփոխության հասնելու համար, հանրային գիտակցության վրա ազդեցություն գործելու և այն առաջ տանելու համար։ Կինոյում պետք է շոշափվեն ու մարմնավորում ստանան այն բոլոր խնդիրները, բոլոր կերպարները, որոնք կյանքից են, ունեն իրականության հետ անմիջական կապ, չեն խեղաթյուրվում ու չեն ծածկվում։ Այժմ լռեցնելու ու ծածկելու միջոցով կինոփառատոնը նահանջում է կինոարվեստի հիմնական սկզբունքներից՝ հանրությանը ևս զրկելով ընկալել կյանքի բազմազանության երանգները։ Ուստի այն քննադատական հայացքը, որն ուներ հայկական կինոն իր ծնունդով, պետք է պահպանվի, այլ ոչ նահանջի՝ հագուրդ տալով բամբասանքի համայնքային կերպարի ձևավորմանը և հաղթարշավին։ Միգուցե այդ ժամանակ մեր կյանքում կսկսի թևածել փոփոխության տեսլականը։ Սակայն մինչ արվեստը չի տանում դեպի վերաիմաստավորում, քաղաքով կշրջի բամբասանքը։