Մեսսի, Մեսսի, Մեսսի: Ռեկորդ, ռեկորդ, ռեկորդը ռեկորդի հետեւից: Այնքան ենք սովորել արգենտինացու տիեզերական խաղին, որ ակամայից, ասելով «Բարսելոնա», հասկանում ենք Մեսսի՝ մոռանալով թիմի մյուս եւ ինչպես այսօր երեւաց բավականին արժեքավոր ֆուտբոլիստներին: Խոսքս իհարկե Վիկտոր Վալդեսի մասին չէ, ով կարծես թե Մատյուիդիի հարվածի պահին հիշեց «Մատրիցա» ֆիլմը եւ փորձեց Նեոյի պես գնդակը որսալ, սակայն իրականում հիշեցրեց մեկ այլ ֆիլմ` «Очень страшное кино»-ն, որում նմանակվել էր Լարրի եւ Էնդրյու Վաչովսկիների ֆիլմը:
Դե Չավի-Ինյեստա զույգի մասին ընդհանրապես կլռեմ, նրանք միշտ կան ու կան, անգամ Մեսսիի խաղադաշտում գտնվելու պարագայում: Իսկ ահա այն մարդը, ով իրոք հաճելիորեն զարմացրեց, դա իր սանրվածքի հետ միասին նաեւ խաղը փոխած Դանի Ալվեշն էր: Այ թե ումից մենք վաղուց չէինք տեսել նման արդյունավետ խաղ: Իհարկե, նա միշտ էլ գրոհներին միանում է, սակայն այսօրվա խաղի պես արդյունավետ նա դա չէր արել արդեն երկաաաաաար ժամանակ: Քանի՞ անգամ նա մրցակցի տուգանայինի մատույցներում շրջանցեց փարիզեցիներին: Քանի՞ անգամ նա հրաշալի փոխանցումներ կատարեց: Իսկ ի՞նչ կասեք Մեսսիին տված նրա հրաշք փոխանցման մասին: Դրան գումարենք նաեւ այն տուգանայինը, որով նա քիչ էր մնում հանկարծակիի բերեր Սիրիրգուին, եւ որով նա հիշեցրեց Սեվիլյայում ցուցադրած իր խաղը (տա Աստված, որ ՄԵՐ Կամո Հովհաննիսյանի խաղն էլ հասնի այս մակարդակին): Մի խոսքով, Ալվեշը հաճելիորեն զարմացրեց եւ անգամ Սանչեսի եւ Վալդեսի որոշակի անհաջող խաղից հետո, կարծում եմ, որ «Բարսայի»երկրպագուները ուրախանալու տեղ ունեն:
Վերջում շնորհավորում եմ կատալոնական ակումբի բոլոր երկրպագուներին Տիտո Վիլանովայի վերադարձի առթիվ: Առողջություն քեզ, Տիտո, եւ բարի վերադարձ: Salud y Bienvenido de vuelta, Tito: