Հռչակավոր օդաչու Ամելիա Էրհարթի ու Ֆրեդ Նունանի առեղծվածային անհետացումը համարվում է 20-րդ դարի ամենաաղմկահարույց պատմությունը, որը մինչ այսօր վերջնականապես չի բացահայտվել։
Վերջերս երևան եկած այս լուսանկարը լույս է սփռել ավելի քան 80-ամյա առեղծվածային պատմության վրա։ Ենթադրվում է, որ նկարում ոչ շատ պարզ պատկերված անձանցից երկուսը՝ նստած կինն ու ձախ հատվածում կանգնած տղամարդը, համապատասխանաբար Ամելիա Էրհարթն ու Ֆրեդ Նունանն են։
1937 թվականի հուլիսի 2-ն էր, երբ Էրհարթի ղեկավարած ինքնաթիռն անհետացավ Խաղաղ օվկիանոսում գտնվող Հոուլենդ կղզու շրջակայքում։ Երկար փնտրտուքներից հետո այդպես էլ չհաջողվեց գտնել նրան ու իր նավիգատոր Ֆրեդին։ Այնուհետև տարբեր հետազոտողներ տարբեր կարծիքներ ու վարկածներ առաջ քաշեցին, որոնցից ոչ մեկն ամբողջովին չէր ապացուցում դրանց իրական լինելը։
Ոմանք պնդում էին, որ նրանք ինթնաթիռով վթարային վայրէջք են կատարել հենց օվկիանոսի վրա, սակայն հետագայում օվկիանոսի հատակին ոչ մի բեկոր անգամ չի հայտնաբերվել, ուստի սա չէր կարող իրական լինել։
Սակայն ընդամենը վերջերս հրապարակված այս լուսանկարը, որը նախկինում արխիվներում էր պահվում, հավատարժան կասկածներ է առաջացնում, որ Էրհարթն ու Ֆրեդը չեն զոհվել։ Բազմաթիվ մանրակրկիտ հետազոտությունների ընթացքում մասնագետները համեմատել են Էրհարթի ու Ֆրեդի մարմնի մասերը՝ քթի ու, առհասարակ, դեմքի կառուցվածքը, սանրվածքը և ֆիզիկական մյուս տվյալները։ Արդյունքում նրանք հաստատեցին, որ լուսանկարում պատկերվածը ենթադրյալ զոհված օդաչուն է՝ իր նավիգատորի հետ։
«Ուսումնասիրությունների արդյունքները նայելուց հետո կասկած անգամ չի կարող լինել, որ լուսանկարի մարդիկ Ամելիա Էրհարթն ու Ֆրեդ Նունանն են»,- հայտարարել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին աշխատակից Շաուն Հենրին։
Նախկինում շշուկներ էին պտտվում, որ վթարից հետո նրանց բռնել ու գերեվարել են ճապոնացիները։ Մասնագետներից մեկն էլ նշել էր, որ լուսանկարի ետևում՝ նավերից մեկի կողքին երևացող ինքնաթիռը Էրհարթի ինքնաթիռն է, այսինքն՝ այն երբեք էլ չի վթարվել։
Այնուամենայնիվ, սա ևս մի վարկած է, որի իրական լինելու հավանականության աստիճանը շատ ավելի մեծ է, քան նախկինում շրջանառվողներինը։



